«Կանաչապատելու ենք» խոստումը ձախողվե՞լ է. Հայկ Մարությանն ուշագրավ հայտարարություն է արել


«Կանաչապատելու ենք» խոստումը ձախողվե՞լ է. Հայկ Մարությանն ուշագրավ հայտարարություն է արել
Հունիս 24 22:16 2019


Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ուշագրավ արձանագրում է արել: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից:

Երեւանը կանաչապատման խնդիրը Հայկ Մարությանի նախընտրական ծրագրում ներառված էր առաջնային յոթ կետերից 6-րդում՝ «Կանաչապատելու ենք» կարգախոսով:
Կառույցի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ քաղաքապետը բնապահպանության վարչությանը հանձնարարել է մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները. կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում: «Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, անընդունելի է»,- նշել է քաղաքապետը:
Այսպիսով՝ Հայկ Մարությանն ինքն է արձանագրել, որ կանաչապատման աշխատանքները ձախողվել է՝ գոնե մինչ այս պահը: Թե ինչ կլինի առաջիկայում՝ ժամանակը ցույց կտա:


Այս իշխանությունները ոչ միայն նախընտրական շրջանում էին հավակնոտ խոստումներ տալիս, այլ նաեւ ընտրվելուց հետո: Ոչ վաղ անցյալում՝ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում դեռ մարտի 22-ին էր հայտել, որ քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ): Նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով: Այսօր Սարալանջի նշյալ հատվածում ոչ ծառեր կան, ոչ կաթիլային համակարգ:
Այսօր արդեն Երեւանի քաղաքապետարանից հայտարարում են, որ նշված հատվածում ծառերի սպասեք ոչ շուտ՝ քան առաջիկա հոկտեմբերն է:


Մի քանի օր առաջ էլ Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են այս գարնանը տնկված ծառերը չորացել: Մասնավորապես, տեսանյութը ներառում է Նոր Նորքի զանգված մտնող այգին, որտեղ ըստ աղբյուրի այս գարնանը ծառատունկ է կազմակերպվել:
«Քաղաքապետարանը պնդում էր, որ ծառատունկը կատարվում է այնպիսի հատվածում, որտեղ հնարավոր է ապահովել ծառերի ոռոգումը: Այստեղ տնկված բոլոր ծառերը չորացած են, բոլորն անխտիր: Այստեղ կան ծառեր, որոնք տերեւակալած են եղել, բայց հիմա տերեւները չորացած են: Տարոն նմարգարյանի օրոք էլ էր նույն ժամանակը, ծառերը ծառ չէին դառնում»,- նշվում է տեսանյութում:

Տեսանյութը՝ Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջից: