Գյումրեցի Լյովա Գևորգյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն


Գյումրեցի Լյովա Գևորգյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հունիս 24 11:48 2019

Լյովա Գևորգյանը իր ելույթները Եվրոպայի պատանեկան առաջնությունում սկսեց որակավորման փուլից, որում 4:0 հաշվով հաղթանակի հասավ Ադրբեջանը ներկայացնող Սագադուլա Աղաևի նկատմամբ: Մյուս երեք գոտեմարտերում Գևորգյանը հաղթանակի հասավ բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով հաղթելով իսրայելցի Գկիվի Բլիազեյին և հյուսիսմակեդոնացի Ռեջեփ Հայարդիին: Իսկ բելառուս Իվան Կարամֆիլկովին հայ ըմբիշը հաղթեց 11:0 հաշվով:


Եզրափակիչում մրցակիցը ռուսաստանցի Իսլամ Կարտոևն էր: Առաջին միավորները վաստակեց Կարտոևը և առջևում էր 2:0 հաշվով: Սակայն հայ ըմբիշը բեկեց գոտեմարտի ընթացքն ու հաղթանակի հասավ 6:3 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Մինչև եզրափակիչ հասնելը երեք տպավորիչ հաղթանակներից հետո 60կգ քաշային կարգում Գենիկ Ասատրյանը չկարողացավ եզրափակիչում օգտագործել իր ամբողջ ներուժը: Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի հետ գոտեմարտում հայ ըմբիշը փորձեց հնարք կիրառել ու անզգուշություն դրսևորեց և մեկ ակնթարթում վեց միավորով հետ ընկավ: Մնացած ժամանակահատվածում Ասատրյանին հաջողվեց միայն մեկ միավոր վաստակել. 1:6 հաշվով պարտվելով՝ Գենիկ Ասատրյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ասատրյանից հետո մրցագորգ դուրս եկավ Մենուա Յարիմբեկյանը, որը 71կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց մոլդովացի Լիլիան Բալանի հետ: Հայ ըմբիշը կարողացավ հաղթանակի հասնել 6:4 հաշվով ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այսպիսով` ազատ ոճի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:



loading...