Երևանյան «WCIT 2019»-ը՝ Սիլիկոնյան հովտում հանդիպումների թեմա


Երևանյան «WCIT 2019»-ը՝ Սիլիկոնյան հովտում հանդիպումների թեմա
Հունիս 18 13:02 2019

 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը հունիսի 11-16-ին Միացյալ Նահանգներում է գտնվել՝ սկսնակ ու հաջողակ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների, համաժողովի բովանդակությունը մշակող կոմիտեի անդամների հետ հանդիպումների, օրակարգի թեմաների, բանախոսների ցանկի քննարկման նպատակով։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում գործող ամերիկյան մի շարք ընկերությունների ղեկավարների ներկայացվել է «WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական ընթացքը։ Ալեքսանդր Եսայանը նրանց հրավիրել է Հայաստան՝ հոկտեմբերին ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՏՏ աշխարհի մյուս առաջատարների ու նորարարների, գլոբալ քաղաքականության առաջնորդների հետ քննարկելու թվային տեխնոլոգիաների դարաշրջանի հեռանկարներն ու ազդեցությունը մարդկության վրա։

 

«Սիլիկոնյան հիվիտն աշխարհի ամենազարգացած էկոհամակարգերից է, որտեղ և ստարտափները, և խոշոր ընկերությունները մեծ հաջողություններ են արձանագրում։ Այն, իհարկե, մեզ համար գլխավոր ուղղություններից է, որտեղից հետաքրքրված ենք ներգրավել մասնագետների՝ «WCIT 2019» համաժողովին մասնակցելու, Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժին ծանոթանալու և ներդրումային ծրագրեր կազմելու համար»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։  

 

***

 

«WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։