Արսեն Թորոսյանը հանդիպել է առաջին ՄՌՏ սարքի հեղինակին

Արսեն Թորոսյանը հանդիպել է առաջին ՄՌՏ սարքի հեղինակին
Հունիս 17 13:43 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հայազգի աշխարհահռչակ գիտնական և մագնիսական ռեզոնանսային ախտորոշման (ՄՌՏ) առաջին սարքի հեղինակ Ռեյմոնդ Դամադյանին:

 

Ամերիկաբնակ հայազգի գիտնականը ներկայացրել է ուղղահայաց ՄՌՏ սարքավորման ներդրմամբ պայմանավորված մի շարք նոր հնարավորությունները բժշկության մեջ: Նա նշել է, որ նյարդադեգեներատիվ հիվանդությունները տեսանելի և ախտորոշելի են դարձել իր այդ գյուտի շնորհիվ:

 

Պրոֆեսոր Դամադյանը օրինակներ է բերել, թե այդ սարքի շնորհիվ ինչպես են Պարկինսոնի հիվանդություն ունեցողներն ու ցրված սկլերոզով հիվանդները ստացել առավել ճշգրիտ ախտորոշում, որի շնորհիվ կազմակերպվել է ավելի արդյունավետ բուժում` կարճ ժամկետներում:

 

«Նյարդադեգեներատիվ հիվանդությունների բուժումը հեղափոխականացնելու ուժն ուղղահայաց ՄՌՏ սարքի ձեռքում է գտնվում», – շեշտել է Ռայմոնդ Դամադյանը:

 

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հայազգի գիտնականին նման գյուտի և բժշկական նշանակալի ձեռքբերման համար, ինչպես նաև կարևորել է ուղղահայաց ՄՌՏ սարքի ներդրումը բժշկության մեջ և նշել, որ ուրախ կլինի, եթե այդ սարքը օգտագործվի նաև Հայաստանում:

 

loading...