Դատարանը կալանավորեց Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբորը սպանած 63-ամյա տղամարդուն


Դատարանը կալանավորեց Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբորը սպանած 63-ամյա տղամարդուն
Հունիս 15 22:59 2019

Երեկ՝ հունիսի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ, 63-ամյա Ժորա Հակոբյանի նկատմամբ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Ժ. Հակոբյանը, ով մեղադրվում է իր երկու համագյուղացիներին սպանելու մեջ, դատարանից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 11-ին սպանություններ էին տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ 

Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են դիերը։ Կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել էին, որ Ժ. Հակոբյանը սպանված Ջ. Մարտիրոսյանի ամուսինն է, իսկ Ս. Մարտիրոսյանը՝ նրա կնոջ եղբայրը, ով նշված անձանց սպանել է հրացանով։