Հնձում եք այն, ինչ ցանել եք. Զոհրաբյանը՝ Մարությանի չկատարած խոստումների մասին


Հնձում եք այն, ինչ ցանել եք. Զոհրաբյանը՝ Մարությանի չկատարած խոստումների մասին
Հունիս 15 22:21 2019

Լրատվամիջոցներում, սոցցանցերում  բազմիցս քննարկվում են   Երևանի աղբահանության, կանաչապատման,  տրանսպորտի, վերելակների հետ կապված խնդիրները։

Անդրադառնալով այս խնդիրներին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ArmDay.am-ի հետ զրույցում նշեց․ «Որպես քաղաքապետի նախկին թեկնածու՝ ես հիմա կարող էի  ոչ կոռեկտ լինել և երևանցիներին ասել՝ դուք քաղում եք այն, ինչ ցանել եք, բայց ես այդպիսի  բան չեմ անի։ Ես ապրում եմ Երևաում, իմ երեխաներն ապրում են Երևանում, և ես  հարգում եմ երևանցիներին, բայց չեմ հասկանում իրեց կատարած ընտրությունը։ Ինձ համար երբևէ հասկանալի չէ էմոցիաների տակ կատարված ընտրությունը։

 Ես չէի ուզենա, որ ինձ ընտրեին, եթե այդ ընտևությունը կատարվելու էր էմոցիայի տակ, կուզենայի՝ իրենք կատարեին գիտակցված ընտրություն»։

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ եթե երևանցիները կատարեին գիտակցված ընտրություն, ապա աղբահանության, աղբի վերամշակման գործարանի, վերելակների, էլեկտրական տրանսպորտի հետ կապված  խնդիրները արդեն լուծված կլինեին, քանի որ Գագիկ Ծառուկյանը խոշորագույն ներդրողների հետ հստակ պայմանավորվածություններ ուներ։

«Բոլոր այդ պայմանավորվածությունները կային, և մնում էր միայն կատարել ճիշտ ընտրություն, այսինքն՝ ոչ թե էմոցիայի տակ, այլ գրագետ, մտածված ընտրություն, և այսօր մենք բոլորովին այլ Երևան կունենայինք։ Ես սանտիմետրով չափել եմ երևանյան  շենքերի շախտաները․ դրանք 1 մետր 0,7 սմ են։ Իսկ  քաղաքապետը, եթե հիշում եք, սլայդերով 2 մետրանոց  վերելակներ էր ցույց տալիս։ Թե ինչպես էր ինքը պատրաստվում  2  մետրանոց վերելակները տեղավորել 1 մետր 0,7 սանտիմետրանոց շախտաների մեջ, իհարկե, չգիտեմ, բայց հիմա  էլ  ասում է՝ քաղաքացիները պիտի վճարեն, եթե ուզում են բարեկարգ   վերելակներ ունենալ։ 

Ես, նորից եմ ասում, եթե լինեի ոչ կոռեկտ, մեր երևանցիներին  կասեի՝  հնձում եք այն, ինչ ցավել եք, բայց ես դաստիարակված և կոռեկտ անձնավորություն եմ, և մենք  մեր ավագանու միջոցով մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի  Երևանը վերջապես դառնա մաքուր, կանաչ և  ապրելու համար հարմարավետ քաղաք», -   եզրափակեց Նաիրա  Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝  նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարությանը  բազմիցս խոստացել է լուծել վերելակների, տրանսպորտի, աղբահանության, կանաչապատման խնդիրները և  բազմաթիվ  այլ խնդիրներ, որոնք ծառացել են մայրաքաղաքի առջև։

Մասնավորապես, մայիսի 10-ին՝ Երևանի 2800 ամյակին նվիրված այգու բացման օրը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  նշեց, որ վերելակները փոխելու հարցով զբաղվում է քաղաքապետի պաշտոնում գտնվելու առաջին օրվանից, սակայն քաղաքային իշխանությունները  չեն կարող  ինքնուրույն լուծել  այսխնդիրը․  նրանք ունեն մայրաքաղաքի բնակիչների  աջակցության  կարիքը։

«Ծրագիրը երբ պատրաստ կլինի, մենք այն կներկայացնենք կառավարությանը, որովհետև քաղաքային իշխանությունները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, սա տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ներդրում է պահանջում: Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին՝ մեր հարցն է, մենք փոխարինենք վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենց է լինելու»,- հայտարարել էր   Երևանի  քաղաքապետը:

Հավելենք, որ դեռ քաղաքապետի թեկնածու եղած ժամանակ՝ նախընտրական քարոզարշավների ընթացքում վերելակների հետ կապված՝ քաղաքապետը, խոստանում էր լուծել վերելակների խնդիրը, ընդ որում,  չէր նշվում, որ այդ խնդրի լուծման ֆինանսական բեռը պետք է մնա քաղաքացիների ուսերին։  Մեջբերենք  Հայկ Մարությանի նախընտրական  ելույթներից մի հատված, որը հնչել է 2018 թվականի սեպտեմբերի 10-ին Էրեբունի համայնքում։

«Համատիրություններից նույնպես դժգոհությունները շատ են: Շենքերի բնակիչները պետք է ընտրեն համատիրության նախագահին, որ հետո էլ պահանջեն իրենից կատարել պարտականությունները: Մեկ այլ խնդիր են շենքերի վերելակները: Քաղաքապետարանը պետք է վերանորոգի վերելակները, հարկ եղած դեպքում՝  փոխի դրանք»:



loading...