Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը դատապարտել է հայ կնոջ դանակահարությունը


Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը դատապարտել է հայ կնոջ դանակահարությունը
Հունիս 15 19:50 2019

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուսթաֆա Յեներօղլուն անդրադարձել է Սամաթիայում հարձակման ենթարկված հայ ընտանիքի` Թուրքիան լքելու վերաբերյալ որոշմանը:

Թուրք պատգամավորը Twitter-ում կատարած գրառումով քննադատել է իշխանամետ լրատվամիջոցներին այն բանի համար, որ չեն լուսաբանել Ստամբուլում ապրող հայ ընտանիքի բնակարան ներխուժելու և տանտիրուհուն դանակահարելու միջադեպը: Նշենք, որ այդ դեպքի մասին հրապարակումներ արել են միայն «Ակոս» թերթը և մի քանի ընդդիմ ադիր լրատվամիջոցներ միայն:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Ստամբուլում հայ ընտանիքին նախ սպառնում են, որից հետո ներխուժում են իրենց տուն և դանակահարում կնոջը: Ընտանիքը որոշել է լքել Թուրքիան: Խստորեն դատապարտում եմ այս դաժանությունը: Այն ռասիստները, որոնք այս ամենի հեղինակն են, Թուրքիայի ամենամեծ թշնամին են: Հույս ունեմ, որ հնարավորինս կարճ ժամանակում կձերբակալվեն»:

Թուրք պաշտոնյան աջակցությունն է հայտնել հայ ընտանիքին:

Նրա խոսքով` Եվրոպայում մուսուլմանների դեմ ռասիստական հարձակումների և  Թուրքիայում տարբեր կրոնական և ազգային պատկանելիության անձանց նկատմամբ իրականացվող հարձակումների միջև որևէ տարբերություն չկա: 

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք ներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրան: Այնուհետև դիմել էին փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն էր սկսվել։

Ավելի ուշ հայ ընտանիքը հայտնել էր, որ լքելու են Թուրքիան և վերադառնալու են Հայաստան:

Աղբյուր`    Ermenihaber.am