Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ


Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ
Հունիս 13 13:40 2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին այցելել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիկսդագի լիագումար նիստին, որի ընթացքում շվեդ պատգամավորները ողջունել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ հայկական խորհրդարանի ներկայացուցիչներին:

 

 

Ռիկսդագի փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները դատական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարացման բնագավառներում: Ռիկսդագի փոխխոսնակը, ջերմությամբ վերհիշելով մարտ ամսին Հայաստան կատարած այցը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-շվեդական խորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը: Աշխատանքային ճաշին մասնակցել են նաեւ Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները:

 

Նույն օրը Ռիկսդագի խոսնակի կոնֆերանսների սրահում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի եւ Անդրեաս Նորլենի երկկողմ հանդիպումը, որին մասնակցել են Շվեդիայի խորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցություններին ղեկավարները:

 

Արարատ Միրզոյանը եւ պատվիրակության անդամները պատասխանել են շվեդ գործընկերների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ընթացիկ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներին, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: Քննարկվել է նաեւ Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը ի նպաստ Հայաստանում ժողովրդարական ձեռքբերումների կոնսոլիդացման: Քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները միակարծիք էին Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունների վերաբերյալ դրական գնահատականներում:

 

Արարատ Միրզոյանը վերահաստատել է խոսնակ Անդրեաս Նորլենին, փոխխոսնակներին եւ բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարներին մոտ ապագայում Հայաստան այցելելու հրավերը, ինչը հնարավորություն կընձեռնի ավելի խորացնելու հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը:

 

Օրվա ավարտին ՀՀ ԱԺ նախագահի եւ պատվիրակության անդամների պատվին Ռիկսդագի խոսնակի պաշտոնական ընդունելությունների համար նախատեսված Վիլլա Բոնիերում տրվել է պաշտոնական ընթրիք, որին նախորդել էր երկու խոսնակների շուրջ 40 րոպե տեւած առանձնազրույցը:



loading...