Գազալցակայանները և բենզալցակայանները չեն նախազգուշացվի ստուգումներից առաջ

Գազալցակայանները և բենզալցակայանները չեն նախազգուշացվի ստուգումներից առաջ
Հունիս 13 12:33 2019

 Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները նախապես  տեղեկանալով ստուգման մասին՝ չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են եւ պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը:

 

 

Աղաջանյանի խոսքով՝ վերոհիշյալ օրենքի կարգավորմամբ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չի կարողանում բենզալցակայաններում և գազալցակայաններում բացահայտել թերլցումները: «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ ու փաստացի գործող կարգավորումները, մասնավորապես, եռօրյա ծանուցման պահանջը գործնականում անհնար են դարձնում բացահայտել և արձանագրել այդ խախտումները։ Առաջարկվող օրենքի փոփոխությամբ մենք կարողանում ենք այդ խոչընդոտը վերացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Աղաջանյանը։

 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր հերթին առաջարկեց, որ ստուգման ակտը դիտվի որպես ապացույց: «Քրեական գործերի քննության ընթացքում գերատեսչությունների կողմից անցկացված ստուգման ակտերը չենք կարողանում դիտել ապացույց, միայն այն հանգամանքի համար, որ ստուգողները չեն նախազգուշացվում ակնհայտ կեղծ եզրակացության կամ ակնհայտ կեղծ ակտ տալու համար, սակայն ի վերջո ստուգման ակտը ստանալուց հետո մեր կողմից նշանակվում է դատաֆինանսատնտեսագիտական եւ դատահաշվապահական փորձաքննություններ, որոնց եզրակացությունը, ըստ էության,  մի քանի ամիս հետո նույն ստուգման ակտն են արտացոլում»,- ասաց նա։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Հայկ Գրիգորյանին, նշեց, որ այս նախագծին պետք է ընթացք տալ, իսկ ՔԿ–ի և կառավարության ներկայացուցիչները կարող են պատրաստել առաջարկվող նախագիծը: «Եթե հասցնեք, ԱԺ–ում քննարկման ընթացքում հիմնական զեկուցողի կողմից ևս առաջարկը կարող է ներդրվել նախագծի մեջ ու ընթացք ստանալ»,- ասաց վարչապետը:

 

 

loading...