Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը վերջին երկու օրերին համեմատաբար կայուն է. Դավիթ Տոնոյան


Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը վերջին երկու օրերին համեմատաբար կայուն է. Դավիթ Տոնոյան
Հունիս 13 12:04 2019

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  իրավիճակը հունիսի 13-ի և նախորդ օրվա դրությամբ համեմատաբար կայուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է սահմանին:

 

 

«Այս պահին երեկվա և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»,-նշեց Տոնոյանը:

 

Հարցին, թե արդյոք կա՞ պատերազմի վտանգ` նախարարը վստահեցրեց` եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ինքն անպայման կտեղեկացնի:

 

Լրագրողի դիտարկմանը, թե կարծես անօդաչու թռչող սարքերի ակտիվություն է նկատվում շփման գծի երկայնքով, նա նշեց. «Մեր անօդաչու թռչող սարքերն էլ են թռչում ամբողջ երկայնքով»:

 

Լրագրողի դիտարկմանը, թե կարծես հատուկ ջոկատայինների կուտակում կա, Տոնոյանը նշեց, որ հատուկ ջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից: