Քաղհասարակության ներգրավմամբ քննարկվել է դատական իշխանության 2020-ի բյուջետային հայտը. այն կազմել է մոտ 21,2 մլրդ դրամ


Քաղհասարակության ներգրավմամբ քննարկվել է դատական իշխանության 2020-ի բյուջետային հայտը. այն կազմել է մոտ 21,2 մլրդ դրամ
Հունիս 12 22:46 2019

Քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Բացման խոսքում Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նման ձևաչափով դատական իշխանության բյուջետային հայտի նախագծի քննարկում կազմակերպելու հրամայականը պայմանավորված է դատական իշխանության հանրային հաշվետվողականությունն ու թափանցիկությունը  բարձրացնելու հետևողական անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 24.05.2019թ. գրությամբ։

 
 
Реклама 06

Հակիրճ ներկայացնելով Դեպարտամենտի կողմից մշակված բյուջեի նախագիծը՝ դեպարտամենտի ղեկավարը նշեց, որ դատական համակարգի 2020 թ․-ի բյուջետային հայտը կազմում է  21,195,745,000 դրամ, որը պլանավորվում է իրականացնել մեկ ծրագրի շրջանակներում։ Այն իր մեջ ներառում է 22 միջոցառում, որից 16-ը վերաբերում են ՀՀ դատարաններին` առանձին-առանձին, 1-ը՝ Բարձրագույն դատական խորհրդին և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին, 1-ը՝ դատարանների պահուստային ֆոնդին, իսկ մյուս 4-ը հանդիսանում են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր։

Դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ Լիլիանա Գասպարյանն էլ իր հերթին հանգամանորեն ներկայացրեց բյուջետային հայտի նախագծի կազմման, մշակման աշխատանքները։ Նա նաև անդրադարձավ իրենց կողմից կատարված միջազգային փորձի ուսումնասիրությանը՝ հատկապես շեշտելով Նիդերլանդների օրինակը, որը հիմնականում հիմք է հանդիսացել բյուջետային հայտի նախագծի մշակման համար։ 

Ներկայացվեց նաև բյուջետային հայտի նախագծի կառուցվածքը, որն իր մեջ ներառում է պետական մարմնի ռազմավարության  ընդհանուր նկարագրությունը և   պետական մարմնի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերն ու միջոցառումները։

Շեշտվեց, որ բյուջետային ֆինանսավորման այս հայտի կազմման ժամանակ հատկապես կարևորվել են այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին, արդարադատության համակարգի մշտադիտարկմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական արխիվների և ընթացիկ գործերի ամբողջական թվայնացման համակարգի արմատավորմանը, դատարանների շենքային ու նյութատեխնիկական պայմանների որակական բարելավմանը, դատարանների ու դատավորների նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ապահովմանը, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության ապահովմանը, նրանց գործունեության գնահատման՝ օբյեկտիվ չափանիշների վրա խարսխված համակարգի ներդրմանը և այլն:

Դրանք բոլորն անհրաժեշտ պայմաններ են սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու, անկախ, անաչառ, մատչելի, արդյունավետ ու հաշվետու արդարադատություն ունենալու համար։ Այն իր հերթին կհանգեցնի ՀՀ-ում մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը, մասնավորապես՝ զգալի կավելանան ներդրումները, ինչն էլ մեծապես կնպաստի ՀՆԱ-ի աճին:

 

Քննարկման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես բյուջետային հայտում նշված առանձին դրույթներին, այնպես էլ դատական իշխանության առջև ծառացած ընդհանուր խնդիրներին։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Ա․ Մեսրոպյանը նշեց, որ այս տարի պետական կառավարման մարմինների հաջորդ տարվա բյուջետային հայտերի և 2020-2022 թթ․ միջնաժամկետ ծախսերի քննարկումն իրենց նախաձեռնությունն է, որն իրականացվում է «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության անմիջական հանձնարարությամբ։

Հանդիպման ավարտին տեսակետ հնչեց, որ նման ձևաչափով հանրային քննարկումները հասարակություն-պետական կառույց կապը դարձնում են առավել բաց և թափանցիկ։

Քննարկման համար նախատեսված նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։



loading...