Իշխող խմբակցության պատգամավորները բացառում են, որ Արտակ Զեյնալյանի վրա ճնշումներ են եղել


Իշխող խմբակցության պատգամավորները բացառում են, որ Արտակ Զեյնալյանի վրա ճնշումներ են եղել
Հունիս 11 23:34 2019

Մամուլը գրում է՝  տեղեկություններ կան այն մասին, որ արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել «Իմ քայլը» խմբակցությունից: Խմբակցության անդամները նրան մեղադրել են սաբոտաժի մեջ՝ մեղադրանքը հիմնավորելով այն հանգամանքով, որ Զեյնալյանի ղեկավարած նախարարությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին, այդպես էլ չպատրաստեց ու խորհրդարան չներկայացրեց դատավորների վեթինգի և անցումային արդարադատության մասին օրենքի նախագծերը կամ գոնե դրանց հայեցակարգերը։

Այս թեմայի վերաբերյալ  ArmDay.am-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության  մի քանի պատգամավորի հետ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արամ Խաչատրյանը մեր  թղթակցի հետ զրույցում նշեց՝ այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում, «Իմ քայլը» խմբակցությունը երբեք որևէ մեկի վրա ճնշումներ չի գործադրել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր   Քրիստինե Պողոսյանն   էլ  վերոնշյալ տեղեկությունը որակեց որպես անհեթեթ բամբասանք։

«Ես չգիտեմ՝ որտեղից են վերցնում այդ անհեթեթ բամբասանքները։ Այսօր արդեն երկրորդ մարդուց եմ լսում այդ բամբասանքի մասին։ Եթե նման բան լիներ,   հաստատ հավատացա՛ծ եղեք՝ տեղյակ կլինեի, որ որևէ մեկի  նկատմամբ ճնշում է գործադրվել․ նման բան չկա։ Պարոն Զեյնալյանի հրաժարականի դիմումը մեզ համար էլ էր անակնկալ», -  հավաստիացրեց Քրիստինե Պողոսյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Արսեն Միխայլովը ևս նշեց՝  հավանական չի համարում, որ «Իմ քայլը» ճնշում գործադրեր  Զեյնալյանի վրա։

«Այդ ամենի հետ կապված՝ լրիվ անտեղյակ եմ, և չեմ էլ հավատում, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարող էր  այդպիսի բան անել, քանի որ Զեյնալյանը եղել է այն  անձնավորություններից, որն ի սկզբանե աշխատել է,  հեղափոխության ակունքներից է եղել», - եզրափակեց պատգամավոր Արսեն Միխայլովը։