Հայաստանում կմեկնարկի ամենամյա «FASHION FORUM YEREVAN 2019»-ը


Հայաստանում կմեկնարկի ամենամյա «FASHION FORUM YEREVAN 2019»-ը
Հունիս 11 20:34 2019

Հունիսի 25-29-ը «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար», «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրերի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպում է արդեն ավանդական դարձած ամենամյա «Fashion Forum Yerevan 2019»-ը:

 

Ֆորումի կազմակերպիչները մանրամասներ են ներկայացրել այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»  ծրագրի ղեկավար Էվա Նեհերը, «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ–ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը, «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ–ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը:

 

Ֆորումի նպատակն է խթանել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումը՝ տրամադրելով միջազգային փորձագետների հետ գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ և դառնալով կամուրջ դեպի միջազգային նորաձևություն։ Միջոցառումը եզակի հնարավորություն է հայ դիզայներների և ոլորտի այլ ներկայացուցիչների համար՝ նորաձևության ոլորտի առաջատար մասնագետներին հանդիպելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման, ոլորտում հետագա համագործակցության ցանցի ընդլայնման և գործընկերային կապերի ձեռքբերման համար:

 

 

«Ֆորումի այս տարվա գաղափարախոսությունն է ներկայացնել հայկական մշակույթը և ցույց տալ միջազգային փորձագետներին մեր հին մշակույթը ձեռագործ աշխատանքների միջոցով: Ունենք շատ հետաքրքիր թեմաներ՝ «Մշակութային ժառանգության պահպանում», «Հայկական տարազ», «Նորաձևություն և քաղաքականություն», «Բիզնես ստեղծում. տեղականից դեպի միջազգային» և այլն»,- նշեց «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը:

 

«Նման միջոցառումներն անուղղակիորեն նպաստում են երկրի ճանաչելիության բարձրացմանը, հետևաբար դեպի մեզ ենք հրավիրում ոչ միայն միջազգային փորձագետների ու մասնագետների, այլև նրանց հետևորդների ուշադրությունը: Հայ արհեստագործներին էլ ներգրավելով՝ նախաձեռնությունը խթանում է մարզերի զարգացումը, ինչը ևս մեր առաջնային նպատակներից է»,- հավելեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: 

 

«Մենք աջակցում ենք նորաձևության այս ֆորումին, քանի որ այն բերում է նոր և թարմ մոտեցում Հայաստանի մշակութային կյանքում, մենք հավատում ենք, որ ստեղծարար արդյունաբերությունը, և մասնավորապես նորաձևությունը և դիզայնը մեծ ներուժ ունեն զարգանալու, և սա Հայաստանի համար լավ հնարավորություն է ներկայացնելու այդ ներուժը, քանի որ Հայաստան են այցելելու ոլորտի լավագույն փորձագետներ և ազդեցիկ մասնագետներ, ովքեր ունեն 100.000-ավոր հետևորդներ աշխարհում»,– նշեց ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»  ծրագրի ղեկավար Էվա Նեհերը։

 

«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ–ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրանի խոսքով էլ՝ ֆորումը, բացի տեղացի մասնագետների համար փորձի փոխանակման և որակավորման բարձրացման հնարավորություն լինելուց, նաև լավ առիթ է արտերկրում Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար. «Ունենք հրավիրված լրագրողներ, ովքեր գրելու են ոչ միայն ֆորումի, այլև առհասարակ Հայաստանի մասին: Արտերկրում մեր երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու ևս մեկ լավ առիթ է»:

 

«Fashion Forum Yerevan 2019»-ի պաշտոնական բացումը կկայանա հունիսի 25-ին՝ ժամը 19։00-ին, «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում (Աբովյան 3)․ «Ժառանգություն» խորագրով ցուցադրության շրջանակում հին հայկական ձեռագործ արվեստի նմուշների կողքին կներկայացվեն հայ դիզայներների հագուստների և աքսեսուարների նմուշները, որոնց ստեղծման և ոգեշնչման ակունքներում հայկական մշակույթն է:  

 

Ֆորումի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ․

  • Հունիսի 26-27. երկօրյա կրթական ֆորում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որին կմասնակցեն և իրենց փորձով հայ դիզայներների հետ կկիսվեն նորաձևության ոլորտի շուրջ 15 միջազգային առաջատար փորձագետներ, դիզայներներ, ոճաբաններ, բլոգերներ, լրագրողներ։
  • Հունիսի 28. հայ դիզայներների հավաքածուների ներկայացում «5Concept» հայկական դիզայներական խանութ-սրահում (Սայաթ-Նովա 5)
  • Հունիսի 29. մշակութային շրջայց ՀՀ Տավուշի մարզում․ Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպված շրջայցի նպատակն է ֆորումի միջազգային հյուրերին ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթն ու հին ձեռագործ արհեստների նմուշները:

 

Չնայած կրթական ֆորումն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են, ուստի սեմինարների ու վարպետության դասերի մի մասին մասնակցելու համար նախընտրելի է գրանցվել նախապես։ Առցանց գրանցումն արդեն բաց է՝ https://fdc.am/registration։