Դեսպան Կոպիրկինը պաշտոնական տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ


Դեսպան Կոպիրկինը պաշտոնական տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ
Հունիս 11 17:11 2019

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնական տեղեկատվություն չի ստացել՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում քաղաքական ապաստան տրամադրելու հարցի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

 

«Միհրան Պողոսյանի մասով պաշտոնական տեղեկություն դեսպանատունը չի ստացել: Ես գիտեմ այն, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում»,- ասաց դեսպանը:

 

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն ապրիլի 21-ին ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել էր: Իրավապահները նրան հայտնաբերել էին ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ՌԴ դատախազության միջնորդությունը Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով: Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահելիր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 

 

Ապրիլի 24-ին Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: