Նախարարությունը հանրային վայրերում ծխելն արգելելու նախագծի լրամշակված տարբերակն ուղարկել է կառավարություն


Նախարարությունը հանրային վայրերում ծխելն արգելելու նախագծի լրամշակված տարբերակն ուղարկել է կառավարություն
Հունիս 11 16:06 2019

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային փակ վայրերում ծխելն արգելող օրենսդրական նախաձեռնության վերջին լրամշակումն արդեն ուղարկել է կառավարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հույս հայտնեց, որ այն ԱԺ-ում կքննարկվի ամառվա ընթացքում:

 

«Հույս ունեմ, որ ամառվա ընթացքում օրենքի նախագիծը կգա Ազգային ժողով: Վերջին լրամշակումը կառավարություն է ուղարկվել մի քանի օր առաջ»,-նշեց Թորոսյանը:

 

Հարցին, թե դրանում նախատեսվող տուգանքների մասով ինչ զիջումներ են արվել` նախարարը պատասխանեց` քաղաքացիների առողջությանը չվնասող զիջումներ:

 

Հարցին, թե նախագիծն արդյոք ունի քաղաքական աջակցություն` Թորոսյանը պատասխանեց, որ նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է ավելի վեր դասվի, քան քաղաքական նպատակահարմարությունը:

 

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով արգելված վայրերում ծխելու համար նախատեսվում են խոշոր չափի տուգանքներ: