Օձունի Աստվածածին եկեղեցին օգնության կարիք ունի


Օձունի Աստվածածին եկեղեցին օգնության կարիք ունի
Հունիս 11 15:48 2019
 Օձունի Ս. Աստվածածին եկեղեցու տանիքից անձրեւաջրերը հոսում են վերականգնված որմնակամարների վրա։ Օձունի ենթաշրջանի հոգեւոր հովիվ տեր Վրթանես Բաղալյանը անհանգստած է՝ եթե ջրահեռացման հարցը չլուծվի, առաջիկա մի քանի տարում չամբողջացվի թաղակապն ու ծածկասալ չդրվի՝ նոր վերակագնված հատվածները կրկին կավերվեն։
 
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի օրոք 8-րդ դարում կառուցված այս հրաշագեղ տաճարը իր տեսակով բացառիկ է, քանի որ պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ 5-րդ դարում եկեղեցին եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացվել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ Հետագայում ավելացվել են նաեւ զանգակատները։

Տեր Վրթանեսն ասում է՝ աղոթասրահի տանիքների ծածկերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են, բայց քանի որ արտաքին եռակողմ սրահները ծածկերից զուրկ են, անձեւաջեր են գոյանում, տանիքից թափվում են որմնակամարների վրա՝ լվանալով իջնում մինչեւ հիմքեր։ Ուստի որմնակամարների ջրամեկուսացման հարցը, գտնում է, որ այս պահին հրատապ է։ «Վերականգնված հատվածները մի քանի տարի հետո ջուրն են լցվելու։ Արտաքին եռակողմ սրահները ծածկի խնդիր ունեն։ Պատկերացրեք այսպես՝ խոհանոց են սարքում՝ առանց տանիքի։ Արխիվային լուսանկարներ ունենք արված 1914թ.՝ Գարեգին Հովսեփյանի կողմից, որոնցում հստակ երեւում են արտաքին սյունաշարով սրահների ծածկերը։ Եկեղեցին Մայր աթոռին պատկանող սրբավայրերից է, բայց միաժամանակ գտնվում է նաեւ մշակույթի նախարարության հովանու ներքո։ Խնդիրների մասին բարձրաձայնել ենք։ Վերջին անգամ Լիլիթ Մակունցին ենք դիմել։ Մայր Աթոռում նույնպես տեղյակ են։ Ես պարզապես հոգեւոր սպասավոր եմ, ոլորտով զբաղվող անձինք պետք է հետեւողական լինեն։ Սխալ տրամաբանություն կա, կարծում են, որ գյուղում ապրող շարքային գյուղացին պիտի գնա, նախարարության դռները թակի, որ Օձունի նման այցելուաշատ սրբավայրը պահպանեն»,-«ՀՀ»-ի հետ զրույցում ասում է տեր հայրը։

Գտնում է, որ հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունների կողմից հավուր պատշաճի հոգածություն չի ցուցաբերվում պատմամշակութային սրբավայրերի նկատմամբ։ «Հայաստանում տուրիզմի զարգացում են ուզում։ Լոռու մարզում ամենաշատը այցելուները գնում են Հաղպատ, Սանահին, Օձուն, Քոբայր։ Գոնե այս սրբավայրերը Մայր Աթոռի եւ պետության համատեղ ջանքերով պահպանության տակ պետք է լինեն։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը պատրաստակամություն էր հայտնել սրահների ծածկերի վերականգնման համար։ Երեք տարվա ընթացքում, ասում էր, կամբողջացնեն։ Բայց նա այսօր նախարար չէ, եւ գործը առաջ չի գնում։ Հաջորդ եկող նախարարները տեր են լինում նախորդների աշխատասենյակներին, պաշտոնին, ծառայողական մեքենային, բայց ոչ տված խոստումին»,-դժգոհում է տեր հայրը։ Նախկին փոխնախարարներից մեկն էլ խոստացել է վերականգնել վանքի կողքին գտնվող 5-6-րդ դարերով թվագրվող մահարձան-կոթողը։ Ըստ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանի հիշատակության՝ կոթողի տակ է ամփոփված Դվինում նահատակված Սմբատ Բագրատունու աճյունը։ «Օձունի այս կոթողն, օրինակ, փոխնախարարներից մեկն ասում էր, որ կվերականգնի, բայց հիմա նա էլ չկա։ Ցանկություն ունենք քառակող կոթողների կրկնօրինակներն անել, որպեսզի հներն այլեւս տեղափոխվեն սենյակային պայմաններ։ Կարող ենք տանել, օրինակ, ներսի ավանդատուն։ Կիսատ մնաց նաեւ մահարձանի վերականգնումը։ Վերեւից երեք շարք է վերականգնվել ընդամենը։ Կոթողի այս վիճակը խոսում է մեր հայրենիքի պետական մտածելակերպի մասին։ Սուրբ թագավորի գերեզման ունենք, որն այսօր անմխիթար վիճակում է»,- նշում է հոգեւոր հովիվը։ Նա նաեւ ասաց, որ քննարկում են մոմի, հոգեւոր գրականության եւ սրբապատկերների վաճառքը եկեղեցուց դուրս հանելու հարցը. «Բակում 13-րդ դարով թվագրվող հին դպրոց է եղել, եթե այն մասնակի վերականգնվի՝ թեկուզ երկու լսարան, կարող են այդ ամենը այնտեղ վաճառել»։

Տեր Վրթանեսի բարձրացրած խնդիրների շուրջ մենք նաեւ զրուցեցինք ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ՝ պարզելու, թե ո՞վ է եկեղեցու խնամքի եւ վերականգնման պատասխանատուն։ Վերջինս ասաց, որ մասնակիորեն վերականգնված սրահների ծածկման խնդիրն իսկապես անհրաժեշտություն է, որի նախագծային եւ իրականացման աշխատանքների ֆինանսավորումն օրենսդրությամբ դրված է սեփականատիրոջ, այսիքն՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վրա։ Աբրոյանն ընդգծում է՝ մշակույթի նախարարության գործառույթը՝ սեփականության տրված հուշարձանների դեպքում, նախագծերին եզրակացություն, համաձայնություն, թույլտվություն տալն է։ Ասում է՝ միայն հրատապ ամրակայման աշխատանքների դեպքում կարող է նախարարությունը մասնակցել դրա ֆինանսավորմանը՝ պետական բյուջեի միջոցներով։ «Սակայն պիտի հաշվի առնել, որ Հայաստանում, գոնե Լոռու մարզում, կան բազմաթիվ վտանգված, ամրակայման հրատապություն պահանջող այլ հուշարձաններ։ Մասնավոր բարերարի ֆինանսավորմամբ եւ մշակույթի նախարարության մասնակցությամբ եկեղեցու հիմնական հատվածները վերականգնվել եւ ամրակայվել են գրեթե ամբողջությամբ, բացառությամբ արտաքին սրահի։ Թաղակապի ամբողջացված չլինելը, սրահում հատակների ջրահեռացման հարցը այս պահին հրատապ անհրաժեշտ միջոցառում չէ՝ համեմատած այլ հուշարձաններում առկա խնդիրների։ Աջակցություն նախարարությունն իրականացնում է միայն խիստ անհրաժեշտության պարագայում»,–ընդգծեց Աբրոյանը։ Օձունի Ս. Աստվածածին եկեղեցու ամբողջական վերականգնման աշխատանքների համար այս պահին մշակույթի նախարարությունը դեռեւս չունի ֆինանսավորման ծրագիր։

Հ. Գ. Լոռու մարզ այցելությունն իրականացվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի հանրային իրազեկման միջոցառումների շրջանակներում:
 
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ