Բաբալարյանը հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներից ավելին է ակնկալում աշխարհի առաջնությունում


Բաբալարյանը հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներից ավելին է ակնկալում աշխարհի առաջնությունում
Հունիս 10 14:00 2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Եվրոպայի առաջնությունից հետո շատ ավելի մեծ սպասելիքներ ունի աշխարհի առաջնությունից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց մարզիչը` մասնավորապես նշելով. «Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցում էինք 9 մարզիկով, հաջողվեց նվաճել 4 մեդալ: Երիտասարդների առաջնության մեր մարզիկներից Սահակ Հովհաննիսյանի աշխատանքը գնահատում եմ բավարար, նա արեց իր հնարավորությունների մինիմալը: Հրաչյա Պողոսյանի գոտեմարտում մրցավարները իրենց ազդեցությունն ունեցան: Սակայն ես մեր պարտությունները չեմ կապում որևէ մեկի հետ: Մենք այս առաջնությունում կրած պարտությունները վերցնում ենք մեզ վրա` մարզչական շտաբի վրա: Հայկ Մելիքյանը եզրափակիչում պարզապես մարզիչների հորդորներին չհետևեց և պարտվեց: Եվ Մալխաս Ամոյանն այս քաշային կարգում միայն Եվրոպայի չեմպիոն չէր դարձել, հիմա ոսկե մեդալակիր է»:

Բաբալարյանի խոսքով` օգոստոսին հավաքական թիմը կմասնակցի աշխարհի առաջնությանը, և ինքը լիահույս է, որ մարզիկներն իրենց առավել հաջող կդրսևորեն այնտեղ:    

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը թիմային հաշվարկում գրավեց 5-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիր դարձան Սահակ Հովհաննիսյանը և Հրաչյա Պողոսյանը, իսկ Հայկ Մելիքյանը` արծաթե մեդալակիր: