Ինչպես խնամել նոր արված դաջվածքները


Ինչպես խնամել նոր արված դաջվածքները
Հունիս 7 00:31 2019

Դաջվածքներն այսօր շատ տարածված են։ Սակայն դաջվածք անելիս անհրաժեշտ է հիշել, որ դրանք կարող են առողջությանը լուրջ վնաս տալ, հետեւաբար՝ պետք է հետեւել անվտանգության մի շարք կանոնների։

Նախ, պետք է վստահելի տատու-սրահ դիմել՝ վստահելի մասնագետի, ով կաշխատի մաքուր, եւ որեւէ վարակ չեք ստանա։ Ապա կարեւոր է ճիշտ խնամել դաջվածքը՝ այն անելուց հետո առնվազն մի քանի օրերի ընթացքում։

Ձեռք մի տվեք դաջվածքին կեղտոտ ձեռքերով

Դաջվածք անելուց հետո մինչեւ 6 շաբաթ այն վերք է, որը պետք է լավանա, եւ ինչպես յուրաքանչյուր վերքի՝ դրան եւս կեղտոտ ձեռքերով դիպչել չի կարելի։

Լվացեք դաջվածքը հակաբակտերիալ օճառով

Դաջվածք անելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում այն պետք է լվանալ հակաբակտերիալ օճառով։ Սակայն պետք է հիշել, որ դաջվածքը միայն լվանալ է պետք, սրբիչով չի կարելի չորացնել այն անելուց հետո մի քանի օրերի ընթացքում։

Հատուկ քսուք օգտագործեք

Լավ մասնագետը դաջվածք անելուց հետո անպայման հատուկ քսուքներ կնշանակի՝ այն խնամելու համար։ Նման քսուքները արագ լավացնում են վերքը եւ թույլ չեն տալիս վարակներին՝ ներթափանցել դրա մեջ։ Դրանք պետք է օգտագործել դաջվածքն անելուց հետո ամենաքիչը 7 օրվա ընթացքում։

Թողեք՝ դաջվածքը «շնչի»

Դաջվածքից հետո մասնագետը հատուկ ժապավեն է դնում դրա վրա՝ պաշտպանելու համար։ Սակայն այն պետք է 3-4 ժամը մեկ փոխել, որպեսզի դաջվածքը կարող է օդի հետ հարաբերվել։

Խուսափեք արեւի ճառագայթներից

Տատու-մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս դաջվածք անել աշնանը։ Դրան հաջորդում է ձմեռը, եւ դաջվածքը հնարավորինս պաշտպանված է արեւի ուղիղ ճառագայթներից։ Եթե ամռանն եք դաջվածք արել, խուսափեք արեւի ուղիղ ճառագայթներից դրա վրա եւ մի մոռացեք արեւապաշտպան քսուք օգտագործել։

Աղբյուր՝ Բուժինֆո