Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն


Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Հունիս 6 01:01 2019

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ:

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ եւ հաղթեց 2 րոպե 30 վայրկյանում՝ 8:0:

Ամոյանը հունիսի 4-ին մեկնարկել էր որակավորման փուլից եւ տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ էր գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի (8:4) եւ ռուս մրցակիցներից (5:4) եւ դուրս եկել եզրափակիչ:

Հայկ Մելիքյանը եզրափակիչում մրցեց վրացի Գեորգի Շոթաձեի հետ եւ պարտվեց 0:9 հաշվով:

Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Միրոսլավ Սլովիանի նկատմամբ:

Նախօրեին պարտություն կրած Կարեն Խաչատրյանը (82 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն հունիսի 5-ին պարտվել է երկրորդ սփոփիչ գոտեմարտում եւ լքել պայքարը: