Երևանում տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա համեմատ աճել է 220 մլն դրամով


Երևանում տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա համեմատ աճել է 220 մլն դրամով
Հունիս 3 15:38 2019

 2019թ. մայիսին Երևանի վարչական շրջաններում տեղական տուրքերի գանձումները ստուգելու նպատակով հսկողություն է իրականացվել շուրջ 600 օբյեկտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ստուգումների արդյունքում առևտրի և սպասարկումների ոլորտում տեղական տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 220 մլն դրամով: Զեկուցվել է նաև, որ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու շուրջ 120 դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ, իսկ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար՝ 74:

 

Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաև շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 20 արձանագրություն:

 

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կլինիկա է բերվել 67 շուն, որից երկուսը ի պահ են վերցրել կենդանասերները, երկուսը, ըստ մասնագետների ցուցումի, քնեցվել են, 63-ը ստերջացվել և բաց են թողնվել նույն հասցեներում: Զեկուցվել է նաև, որ երբեմն որոշ քաղաքացիներ խոչընդոտում են կենտրոնի աշխատանքը՝ թույլ չտալով իրականացնել շների հավաքման գործընթացը: Նշենք, որ Երևանում թափառող կենդանիների հավաքման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրն իրականացնում է համայնքային կենտրոնը, որի աշխատանքը մասնագիտորեն հիմնավորված է և անվտանգ կենդանիների համար: Գործընթացն իրականացվում է հատուկ տարբերանշանով մեքենաներով և համապատասխան համազգեստով մասնագետների կողմից: Կենտրոնն, ի դեպ, շների հավաքման նպատակով ձեռք է բերել երկու նոր ավտոմեքենա և անհրաժեշտ ողջ դեղորայքը: Առաջիկա շաբաթներին աշխատանքների ծավալը կմեծանա. նախատեսվում է ստերջացնել և պատվաստել շաբաթական մոտ 100 շուն:

 

Մայիս ամսին Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 730 հազար 559 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ շարժակազմերի քանակի ավելացման և կատարված ժամանակացույցի փոփոխության արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 30 հազար 712 ուղևորով: