Որքա՞ն է կազմում Դեն Բիլզերյանի կարողությունը և որտեղի՞ց նրան այդքան գումար․ այս և այլ ուշագրավ փաստեր հայազգի միլիոնատերի կյանքից


Որքա՞ն է կազմում Դեն Բիլզերյանի կարողությունը և որտեղի՞ց նրան այդքան գումար․ այս և այլ ուշագրավ փաստեր հայազգի միլիոնատերի կյանքից
Մայիս 26 00:01 2019

Հավանաբար Դեն Բիլզերյանը սոցցանցերում ամենաակտիվ աստղերից մեկն է։ Դենի հետևորդները նրան հաճախ կոչում են «Ինստագրամի արքա»։ Ոմանք էլ կարծում են, որ նա շատ ցուցամոլ է, քանի որ պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, թե ինչ շքեղ կյանքով է ապրում՝ անապատներում տարատեսակ զենքերով կրակում, վարում հազվադեպ հանդիպող մեքենաներ, սեփական ինքնաթիռով ճամփորդում՝ շրջապատված կիսամեր աղջիկներով և այլն։

Բայց ինչպե՞ս է նա հասել այդտեղ, ինչպե՞ս է կարողանում իրեն նման ճոխություններ թույլ տալ և վերջապես որտեղի՞ց նրան այդքան գումար։

Դեն Բիլզերյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 7-ին, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, սակայն հետո ընտանիքով տեղափոխվել են Յուտա նահանգ։ Նրա հայրն ուներ ռոբոտաշինական հսկա արտադրամաս, ինչպես նաև որոշ այլ ընկերություններ։ Երբ Դենը 10 տարեկան էր, հարկերի և բաժնետոմսերի հետ կապված խարդախություններ անելու համար նրա հորը ձերբակալեցին։

Հոր ձերբակալությունից անմիջապես հետո ընդամենը 1 տարվա ընթացքում Դենին դուրս շպրտեցին երկու տարբեր դպրոցներից։ Իսկ ավելի ուշ, երբ նա իր հայրիկի ատրճանակներից մեկը դպրոց էր տարել իր հետ, նրան այս անգամ ոչ միայն դպրոցից, այլ նաև ողջ Յուտա նահանգից վտարեցին՝ արգելելով այլևս ոտք դնել այնտեղ։

Այս ամենից հետո նա փորձեց միանալ ԱՄՆ օդային ռազմական ուժերին, սակայն երկու ձախողված փորձերից հետո ետ կանգնեց իր որոշումից։ Եվ այդ ժամանակ սկսվեցին նրա հաջողակ տարիները։

Չնայած՝ առաջին տարում նա գրեթե գումար չուներ, ուստի ստիպված էր վաճառել իր սիրելի ատրճանակները և վերադառնալ պոկերի սեղանի մոտ։ Առաջին անգամ նա 10,000 ԱՄՆ դոլար գումար շահեց և մեկնեց Վեգաս, ուր իր ունեցած գումարը պոկերի միջոցով կարողացավ վերածել 200,000 ԱՄՆ դոլարի։

Իր հաջողություններից ներշնչված՝ նա որոշեց սովորել համալսարանում, բայց միաժամանակ շարունակել պոկեր խաղալը։ Այդ ժամանակ Դենը շաբաթական 90,000 դոլար էր վաստակում և հենց այդ պատճառով էլ որոշեց դուրս գալ համալսարանից և ամբողջովին նվիրվել պոկերին։

Նա ընդամենը 27 տարեկան էր, երբ միացավ պոկերի մեծ մրաշարերին, ուր շահեց 36,000 դոլար՝ զբաղեցնելով 180-րդ տեղը։ Այս անգամ նա հիասթափված էր իրենից, քանի որ 1-ին տեղը գրաված անձը 8․5 միլիոն դոլար էր ստացել։

Բայց դա չհուսահատեցրեց նրան։ Նա որոշեց միանալ պոկերի էլ ավելի մեծ մրցաշարերի։ Երբ սկսեց արդեն միլիոնավոր դոլարներ շահել, ոգեշնչվելով սեփական հաջողություններից, սկսեց պարբերաբար իր սոցէջերում նկարներ հրապարակել։ Այժմ նրա ֆեյսբուքյան, թվիթերյան և ինստագրամյան էջերից յուրաքանչյուրը տասնյակ միլիոնավոր հետևորդներ ունեն։

Դեն Բիլզերյանի եկամուտը ֆիքսված չէ, քանի որ նա աշխատավարձ չի ստանում, այլ պոկերով է գումարներ է շահում։ Օրինակ՝ 2013-ին նա միանգամից 11 միլիոն դոլար էր շահել և շտապել Մեքսիկա՝ նշելու իր հաղթանակը։

Հատկանշական է, որ 2013 թվականի դեկտեմբերին նրա ունեցվածքը 100 միլիոն դոլար էր, սակայն 2015-ի կեսերին այն արդեն հասել էր 150 միլիոն դոլարի։ Ստացվում է՝ մեկ ու կես տարում նա վաստակել է մոտավորապես 50 միլիոն դոլար: