Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին


Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին
Մայիս 25 13:42 2019

Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: Այս մասին, ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում:

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։