Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ

Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ
Մայիս 24 18:26 2019

Կոտայքի մարզի Հացավանի Հայկ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի մեկ շրջանավարտ ունի՝ Գագիկ Թադեւոսյանը: NEWS. am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Սուսաննա Սահակյանը նշեց, որ դպրոցն ընդամենը 36 աշակերտ ունի. Գագիկը սովորում էր եռահամակազմ դասարանում՝ 11-րդ եւ 10-րդ դասարանների եւս չորս աշակերտների հետ:

«Վերջին դասի, վերջին զանգի արարողությունն այս տարի մեր դպրոցում յուրօրինակ էր, անսովոր, բայց նույնքան հուզիչ, որքան մյուս բոլոր տարիներին: Պատճառն այն էր, որ շրջանավարտը մեկն էր՝ Գագիկ Թադեւոսյանը: Այսօր Գագիկին ճանապարհում ենք նոր հասուն կյանք: Միջին ընդունակությունների տեր տղա է Գագիկը: Կավարտի ու մի քանի ամսից կգնա բանակ: Վերջին ամիսներին երկընտրանքի առաջ էր կանգնել՝ գնալ բանակ «Ես եմ» ծրագրով, թե՞ ոչ: Ի վերջո, ընտրեց երկամյա պարտադիր ժամկետային զինծառայությունը: Քանի որ Գագիկը սովորում էր նույն դասարանում 3 տասներորդցիների եւ 1 տասնմեկերորդցու հետ, ուստի այսօր նրանք ուրախ տրամադրությամբ, երգ ու պարով ճանապարհ դրեցին իրենց ընկերոջը»,-պատմեց Սուսաննա Սահակյանը:

Տնօրենը նշեց, որ Գագիկն առավոտյան ծաղկեփնջով եւ տորթով եկել է դպրոց, դասարանում հավաքվել են, ընկերներն արտասանել են, երաժշտություն միացրել, ուրախացել: Դասղեկն ու ընկերները բարեմաղթանքի խոսքեր են ասել, կատակել, զրուցել:

loading...