Կարբիի համայնքապետը, չնայած իր դեմ հարուցված քրեական գործերի, շարունակում է պաշտոնավարել. բնակիչները ահազանգում են


Կարբիի համայնքապետը, չնայած իր դեմ հարուցված քրեական գործերի, շարունակում է պաշտոնավարել. բնակիչները ահազանգում են
Մայիս 23 21:48 2019

Արագածոտնի մարզի Կարբի համայնքի համայնքապետ Կարո Բաղդասարյանը շարունակում է մնալ աղմկահարույց պատմությունների կիզակետում։

Բնակիչները ArmDay.am-ի հետ զրույցում նշեցին, որ գյուղում ցանկացած հարց համայնքապետը ոնց ցանկանա, այդպես էլ  կլուծի:

 «Դպրոցն իրենց ձեռքում է, մանկապարտեզն ու գյուղապետարանը էլի իրենցն է։ Գյուղին պատկանող հողատարածքները վաճառվում են օտարազգիներին, դեպքեր են եղել, որ հողամասի տերը միայն դրա վաճառքից հետո է իմացել, որ իր հողը վաճառված է»,-ասաց բնակիչներից մեկը, ում խնդրանքով անունը չենք հրապարակում:

Բնակիչների խոսքով՝  համայնքապետի անվան շուրջ բազմաթիվ բողոքներ կան, անգամ՝ Քննչական կոմիտում հարուցված գործեր կան, գյուղացիներից հող է խլել, խոշոր չափի կաշառք է վերցրել և այլն, սակայն ոչ մի արդյունք ու դրական տեղաշարժ չկա համայնքապետի անօրինականությունները կանխելու հետ  կապված:

ArmDay.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հաստատեցին, որ  քրեական գործեր կան հարուցված Կարո Բաղդասարյանի դեմ:

«Քննչական կոմիտեում  Կարո Բաղդասարյանի դեմ   179 և 308-րդ հոդվածներով քրեական գործեր կան հարուցված»,-ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Գյուղապետից դժգոհող բնակիչները  նշում են, որ իրենց բողոքը տեղ չի հասնում, քանի որ, ըստ իրենց տեղեկութունների՝ գյուղապետը «լավ» թիկունք ունի նախկին իշխանություններից,  և այդ է պատճառը, որ այսքան անօրինականություններից հետո  շարունակում է պաշտոնավարել այնպես, ինչպես ցանկանում է: Բնակիչները մտահոգություն ունեն, որ քանի դեռ նրա լիազորությունները գոնե ժամանակավորապես չեն դադարեցվել, նա կարող է միջամտել գործի քննությանը՝ օգտագոծելով իր դիրքը:

ArmDay.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև համայնքապետից, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Նշենք, որ Կարո Բաղդասարյանը  Կարբի համայնքը ղեկավարում է 2012 թվականից: