Մարդիկ գնել են իրենց վարորդական իրավունքները, սակայն երբեք ուշ չէ․ Վ․ Ենգիբարյանը՝ բալային համակարգի մասին


Մարդիկ գնել են իրենց վարորդական իրավունքները, սակայն երբեք ուշ չէ․ Վ․ Ենգիբարյանը՝ բալային համակարգի մասին
Մայիս 21 17:32 2019

ՃՈ-ում բալային համակարգի ներդրումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը որակում է երկար սպասված․ այս մասին վերջինս ասաց ArmDay.am-ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ մեր քաքաղաքացիները վերջին շրջանում բողոքում են, որ Երևան քաղաքում ներմուծվող մեքենաներն ու երթևեկությյան մեջ խնդիրները շատացել են, իսկ առաջարկվող նախագիծը լուծում է դրանք։

«Սրանով հարցը լուծվում է, քանի, որ նախկինում կար միայն այդ տուգանքների համակարգը և շատ վարորդներ տուգանքներ վճարելու խնդիր չունեին, հետևաբար, ինչպես ուզում քշում էին։ Հիմա ներդրվում է բալային համակարգ, ինչը նշանակում է, որ ինչ որ պահից սկսած քաղաքացին կարող է զրկվել վարորդական իրավունքից»,-ասաց Ենգիբարյանը։

Մեր դիտարկանը՝ ներկայիս օրենսգրքով նույնպես սահմանված է նման պատիժ, որի արդյունքում վարորդները կարող են զրկվել վարորդական իրավունքից, պատգամավորը հակադարձեց,-«Օրինակ՝ կարմիր լույսի խախտման դեպքում, եթե ներկայիս օրենքը չի զրկում վարորդական իրավունքից, ապա այս համակարգի ներդրումից հետո, եթե խախտումները գումարվեն իրար, տվյալ վարորդը կզրկվի մեքենա վարելու իրավունքից»։

Ենգիբարյանը նկատեց, որ այս նախագծի շնորհիվ կնվազի նաև մահերի թիվը, իսկ տուգանքների չափը կնվազի, չնայած ինքը կողմնակից չէ նման մեղմացմանը, սակայն բալային համակարգը մյուս կողմից լրացնում է այդ բացը։

«Ես կողմ եմ տուգանքների չափի մնալուն, բայց դրանք պետք է լինեն արդար։ Այսինքն այն վայրերում, որտեղ չկան անհրաժեշտ ճանապարհային նշանները, և մարդիկ տուգանվում են, դա արդար չէ վարորդի նկատմամբ»,-նշեց նա։

Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ բազմաթիվ վարորդներ կարող են պարզապես զրկվել վարորդական իրավունքից, Ենգիբարյանը ասաց՝ սա խնդիր է, քանի որ տարիներ շարունակ մեր վարորդները զանգվածաբար գնել են վարորդական իրավունքը, առանց քննություն հանձնելու։

«Երբեք ուշ չէ, եթե մարդը չի ուզում կորցնել վարորդական իրավունքը, կարող է գնալ և սովորել երթևեկության կանոնները»,-հավելեց Վիկտոր Ենգիբարյանը։

Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի, քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից։

Վաչիկ Գրիգորյան