Առաջիկայում կպահանջեն ՌԴ-ում ՀՀ դեսպանի հրաժարականը


Առաջիկայում կպահանջեն ՌԴ-ում ՀՀ դեսպանի հրաժարականը
Մայիս 20 17:13 2019

Այսօր՝ մայիսի 20-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքված հարյուրավոր հայեր պահանջել են ուղիղ հեռարձակմամբ դիտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված դատարանների շուրջ ստեղծված աղմկահարույց իրավիճակի հետ։

Ակցիայի կազմակերպիչներից Հարություն Մկրտչյանն ArmDay.am-ի հետ զրույցում նշեց, որ նման նախադեպ նախկինում եղել է, երբ 2018 թ․-ի օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ դեսպանատան գործելաոճը բացարձակապես չի փոխվել հետհեղափոխական իրավիճակում։ «Սա նույն դեսպանատունն է, որի մոտից հեղափոխության օրերին ինձ ծեծի ենթարկելով հանձնեցին ՌԴ ոստիկանությանը։ Այսօր էլ հավաքվել էինք դեսպանատան  բակում և մեր աջակցությունն էինք հայտնում վարչապետին։ Պահանջեցինք որ պատից դրսի պատից կախված մոնիտորի միջոցով ուղիղ եթեր ապահովեն, սակայն ոչ ոք չարձագանքեց»,-ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով հասունացել է պահը, որպեսզի ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը դադարեցնի պաշտոնավարումը, իսկ առաջիկայում նախաձեռնող խումբը պատրաստվում է բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ դեսպանի, քանի որ, նրանց որակմամբ, տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան՝ սաբոտաժ։

Վաչիկ Գրիգորյան