Խուսափե՛ք փողոցում պատրաստվող եւ վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց. Քաղաքապետարան


Խուսափե՛ք փողոցում պատրաստվող եւ վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց. Քաղաքապետարան
Մայիս 20 14:10 2019

«Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների: Անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում. մեր նկարահանումների ընթացքում նման տեսարանների հանդիպեցինք: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար»,- այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ, որ բացի այն, որ փողոցային առևտրի այս տեսակն ապօրինի է, այն նաև վտանգ է ներկայացնում առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց:  

«Թեև անզեն աչքով տեսանելի են այն պայմանները, որտեղ պատրաստվում է քաղցր «բամբակը», մեր համաքաղաքացիներից շատերը շարունակում են օգտվել դրանից: Հարցումների ընթացքում լսեցինք տարբեր կարծիքներ:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանը մինչ օրս վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 300 արձանագրություն է կազմել:

Որպեսզի վարչարարությունն առավել արդյունավետ լինի, քաղաքապետարանը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Այն դեպքերում, երբ ապօրինի առևտրով զբաղվողները չեն ենթարկվի նախազգուշացումներին,  քաղաքապետարանը կառգրավի վաճառվող ապրանքը: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է մտածի իր և իր երեխայի առողջության մասին՝ խուսափելով փողոցում վաճառվող ամեն տեսակի կասկածելի ծագումով ապրանքներից: Բացօթյա ապօրինի առևտրի վերացումը մեծապես նաև այս վերաբերմունքից է կախված»,- նշված է հաղորդագրության մեջ։