Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքի մասին տեղեկությունը բացահայտ սուտ է. հայտարարություն


Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքի մասին տեղեկությունը բացահայտ սուտ է. հայտարարություն
Մայիս 20 13:00 2019

Տարածված տեղեկությունն առ այն, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ՝ բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. 

«Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, թե իբրեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ Ոոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը, իսկ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:

Բացի այդ հրապարակված նյութում նշվում է, որ Քոչարյանը մինչեւ որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին եւ Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո, առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու հեռացել է այնտեղից՝ նախօրոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պաշտոնապես հայտնում է, որ տարածված տեղեկությունն առ այն, թե պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ՝ բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:

Հարկ ենք համարում նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվել է մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին:

Ինչ վերաբերում է դատական ակտի հրապարակման հետ միաժամանակ Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուն, ապա այդ պնդումը եւս սուտ է՝ քանի որ տասնյակ լրատվամիջոցներ որոշման հրապարակելուց հետո գնացել են Ազգային Անվտանգության ծառայության շենքի մոտ եւ նրանից իսկ կողմից կատարված ուղիղ տեսանկարահանմամբ արձանագրվել է, թե երբ եւ ինչպես է Ռոբերտ Քոչարյանն ավտոմեքենայով դուրս գալիս ԱԱԾ շենքից»:



loading...