Օպերային թատրոնում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է եղել


Օպերային թատրոնում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է եղել
Մայիս 19 15:34 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 19-ին, ժամը 13:03-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները և ոստիկանության աշխատակիցները տարհանել են հանդիսատեսներին և աշխատակիցներին:

Ոստիկանության կինոլոգիական խումբը շենքում իրականացրել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել: