Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ


Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Մայիս 19 09:38 2019

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ Արգիշտի Սեպխանյանին, Աղանիկ Զորողյանին և Վահե Այվազյանին: 

Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների և նրանց ծնողների հետ: Վարչապետը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել զինծառայողներին անձնվեր ծառայության համար: 

Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին: 

Վարչապետ Փաշինյանը զինվորական հոսպիտալում Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: