«Թանգարանային գիշեր»-ը Գյումրի շատ հյուրեր է բերել

«Թանգարանային գիշեր»-ը Գյումրի շատ հյուրեր է բերել
Մայիս 19 12:36 2019

Գյումրիում գործող թանգարանները մայիսի 18-ին միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային: Համաեվրոպական  նախաձեռնության ու Թանգարանների միջազգային օրվա առիթով մարդաշատ էին Գյումրու բոլոր թանգարանները։ Գյումրիում այս ընթացքում ամենամարդաշատը քաղաքի «Վարպետաց» փողոցն էր, որտեղ գտնվում են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները և Մհեր Մկրտչյանի թանգարանը:

«Թանգարանային գիշեր» ակցիան արդեն բարի ավանդույթ է դարձել: Մեկ օրվա ընթացքում թանգարանները կարող են ունենալ այնքան այցելու, որքան մեկ ամսվա ընթացքում՝ նշում են թանգարաններում: Ավելին, սա դարձել է ընտանեկան տոն՝ թանգարան այցելում են ընտանիքներով: Թանգարաններ այցելած երիտասարդները ոչ միայն ծանոթանում էին ցուցադրություններին, մասնակցում միջոցառումներին, այլ նաև իրենք, սեփական ցանկությամբ, երգում կամ պարում էին՝ ամբողջացնելով մշակութային միջոցառումները: Ավելի շատ այցելու ունենալու համար թանգարաններն ամեն տարի մշակում են այնպիսի ծրագիր, որ մյուս թանգարաններից տարբերվի: Ցուցանմուշներն ու հետաքրքիր պատմությունները զուգորդվում են համերգային ծրագրերով, ասմունքով, ձեռքի աշխատանքների ու ֆիլմերի ցուցադրություններով:

Վարպետաց փողոցում՝ Մհեր Մկրտչյանի և Իսահակյանի թանգարանի հարևանությամբ էլ Շիրազի հուշատուն-թանգարանն է: Այս  անգամ ցուցասրահներից բացի, այցելուների առջև բացվել էր նաև Շիրազի թանգարանի նկուղային հարկը, որտեղ կազմակերպվել էր հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի լուսանկարների «Տեսողական պոեզիա» ցուցահանդեսը։ Ներկայացված 15 դիմանկարներում ներկայացված են մերօրյա գրողներն ու ստեղծագործողները, իսկ նկարահանումները կատարվել են հատուկ տեխնոլոգիայով։  Հայտնի լուսանկարիչն իր  ընկերների հետ աշխատանքներ  ներկայացրել էր նաև «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում՝  «30 տարի առաջ» խորագիրը կրող ցուցադրությամբ:

«30 տարի առաջ, երբ տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժը, որը ոչնչացրեց Հայաստանի հյուսիսային հատվածը և խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, ԽՍՀՄ-ի բազմաթիվ լուսանկարիչներ, առանց վարանելու, անտեսելով իրենց բոլոր գործերն ու մտահոգությունները՝ եկան Հայաստան, որպեսզի դժվար պահին լինեն հայ ժողովրդի կողքին և մեր վշտի մասին պատմեն իրենց լուսանկարներում: Նրանցից ոչ մեկը մինչև վերջ չէր գիտակցում, թե ինչ հոգեբանական ցնցումներ է վերապրելու: Լուսանկարիչները վիթխարի գործ են արել՝տարածելով ամբողջ աշխարհում մեր վշտի մասին պատմող ճշմարտությունը: 30 տարի անց 20 հայ լուսանկարիչներ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին եւ 7-ին մասնակցեցին Երախտագիտության ակցիային՝լուսանկարելով Գյումրիում: 20 լուսանկարիչների լուսանկարների հիման վրա մենք ստեղծեցինք մի եզակի ցուցադրություն, որն արտացոլում էր Գյումրի քաղաքի կյանքը՝սարսափելի երկրաշարժից 30 տարի անց: Այս ցուցադրությունը նվիրված է այն բոլոր լուսանկարիչներին, ովքեր լուսանկարել էին Լենինականը՝1988 թվականի այդ սարսափելի դեկտեմբերին: Նրանց թվում էին Իգոր Գավրիլովը, Յուրի Ռոստը, Ալեքսանդր Գուշչինը, Ալեքսանդր Գրաշչենկովը, Գեորգի Պինխասովը, Վլադիմիր Սվարցևիչը  և շատ ուրիշներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերման Ավագյանը:

 

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ Հայաստանից և Արցախից:

 

Արմենուհի Մխոյան

 

loading...