Ինչպես հայկական բանակն ազատագրեց Լաչինը․ Ռոբերտ Քոչարյանի հուշերը


Ինչպես հայկական բանակն ազատագրեց Լաչինը․ Ռոբերտ Քոչարյանի հուշերը
Մայիս 18 22:47 2019

Քսանյոթ տարի առաջ՝ մայիսի 18-ին հայկական բանակը մտավ Լաչին: Արցախը ցամաքային կապ հաստատեց Սյունիքի հետ, շրջափակումը վերացավ: Top-news.am-ը ներկայացնում է Լաչինի ազատագրման վերաբերյալ հատված Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքից։

«Շուշին կորցնելով՝ թշնամին բարոյալքվել էր, իսկ մենք, հակառակը, հաղթանակից ոգեւորված՝ առաջ էինք մղվում ու շարունակեցինք հարձակումը Լաչինի ուղղությամբ: Մեզ համար կենսականորեն կարեւոր էր միջանցք բացել դեպի Հայաստան ու երկիրը դուրս բերել շրջափակումից: Պետք էր պահել տեմպը, որպեսզի թույլ չտանք թշնամին ուշքի գա ու վերախմբավորվի՝ պաշտպանություն կազմակերպելու համար: Հարձակումը սրընթաց էր, մեր ջոկատները գյուղ գյուղի ետեւից էին գրավում՝ համարյա ոչ մի տեղ դիմադրության չհանդիպելով: Հակառակորդը խուճապահար նահանջում էր՝ թողնելով ամեն ինչ՝ զենքը, տեխնիկան, զինամթերքը: Դրա շնորհիվ անընդհատ համալրում էինք մեր պաշարները, ընդ որում՝ ոչ միայն զինվորական. բոլոր բնակավայրերում հայտնաբերում էինք սննդամթերքի, վառելիքի պաշարներ, լքված անասուններ, այն ամենը, ինչի կարիքը ծայրահեղ զգում էինք: Խաղաղ բնակչությունը հեռանում էր գյուղի պաշտպանների հետ. այդպիսին էր այդ պատերազմի յուրահատկությունը. ահռելի թվով փախստականներ՝ երկու կողմերից: Մարդկանց մի մասը ներքեւ էր իջնում՝ դեպի Արաքս գետը, մյուսները՝ հյուսիս՝ Քելբաջարի շրջան ու հետո անցնում էին Ադրբեջան:

Մեր զորքերն ընդամենը մեկ շաբաթում ազատագրեցին Լաչինի շրջանն ու մայիսի 18-ին գրավեցին Լաչինը: Գրավեցին համարյա առանց կռվի, նույնիսկ որեւէ գործողություն չմշակեցինք: Ամեն ինչ կատարվեց Շուշիի սցենարով. Լաչինը պաշտպանողները պարզապես մեր գրոհի նախօրեին լքեցին այն, ու մենք մտանք դատարկ քաղաք:

Շուշիից Լաչինով Հայաստան տանող ճանապարհը վերջապես բաց էր՝ փռված մեր առաջ: Ավելի քան երեք տարի տեւած շրջափակումն այլեւս չկար: Այդ օրը համընդհանուր տոն դարձավ: Ով ինչպես կարող էր՝ նշում էր, օդում տարածվել էր խորովածի հոտը, շուրջը՝ ուրախությունից շողացող դեմքեր: Ավարային գառները բոլորին հերիքում էին, իսկ թթի օղի ղարաբաղցու մոտ միշտ կճարվի, միայն թե առիթ լինի»: