ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներ փոխանակել են «սև» ակտիվների վերադարձի ոլորտի փորձը

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներ փոխանակել են «սև» ակտիվների վերադարձի ոլորտի փորձը
Մայիս 16 20:15 2019

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 16-ին Երևանում տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատանքային փորձի փոխանակում» թեմայով սեմինարը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, հիշյալ սեմինարը ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի  ծրագրով նախատեսված երրորդ միջոցառումն է:

Սեմինարի ընթացքում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել հանձնման (էքստրադիցիայի) և քրեական գործերով իրավական օգնության ոլորտում համագործակցության առկա մի շարք հիմնահարցերին, քննարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումները և ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերները:  

Միջոցառման մասնակիցները, ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը, ևս մեկ անգամ ընդգծել են, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը և այդ բնագավառում արդյունավետության զարգացումը մշտապես մնում է երկու երկրների գլխավոր դատախազությունների ուշադրության կենտրոնում:

ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Նա կարևորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը և, անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագրին, նշել է, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի  ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է: Նախորդ ծրագրերը հաջողությամբ իրականացվել են և նպաստել դատախազների միջև փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդմանը: 

Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչներն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը և համակարգերի առավել սերտ համագործակցությանը:

loading...