Արցախը հայտարարություն է տարածել


Արցախը հայտարարություն է տարածել
Մայիս 16 15:28 2019

Վերջին օրերին Արցախի և Մայր Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով: Չկան Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ, կա հայ ժողովուրդ, որը ինչպես միասնական էր Արցախը թշնամու ճիրաններից փրկելու օրհասական պայքարում՝ իբրև փրկագին զոհաբերելով ազգի սերուցքը, այնպես էլ միասնական պայքարելու է մինչև վերջնական հաղթանակի ազդարարումը:

Չկա Արցախ առանց Հայաստանի, և չկա Հայաստան առանց Արցախի, կամ ինչպես քաջազուն Լեոնիդ Ազգալդյանը կասեր՝ սա Հայաստան է և վերջ: Եվ վերջ, հարգելի իշխանավորներ, անկախ ձեր անձնական ամբիցիաներից, գրաված դիրքից, թե բարձրագույն կոչումներից, սա Հայաստան է և վերջ:

Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր անխոհեմ քայլ, ինչը վնաս է հասցնում մեր միասնականությանը, դատապարտում ենք Մայր Հայրենիքում մեծամասնության վստահությանը արժանացած վարչապետի հանդեպ հեգնանքի ու արհամարհանքի յուրաքանչյուր դրսևորում, դատապարտում ենք հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների տարանջատելու ցանկացած փորձ: Խորապես ափսոսում ենք, որ և Հայաստանում, և Արցախում քաղաքական որոշ գործիչներ այդպես էլ մնացին ինքնահաստատման փուլում: Մենք միաժամանակ մեր աջակցությունն ենք հայտնում Մայր Հայաստանում տեղի ունեցող այն բոլոր գործընթացներին, որոնք ուղղված են հզոր և լուսավոր միասնական հայրենիքի կառուցմանը: \

«Անկախության Սերունդ» կուսակցություն «Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ Արցախի հանրապետական կուսակցություն Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերաների միություն «Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ «Ինքնություն և միասնություն» կուսակցություն «Միացյալ Հայաստան» կուսակցություն «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ «Ռամկավար Ազատական» կուսակցություն «Սասնա ծռեր» արցախյան կուսակցություն