Մանկավարժական համալսարանը «սև ցուցակում» չէ. բուհի արձագանքը


Մանկավարժական համալսարանը «սև ցուցակում» չէ. բուհի արձագանքը
Մայիս 16 14:40 2019

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարնի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը  պարզաբանում է ներկայացրել «Ժամանակ» թերթի այսօրվա հրապարակումներից մեկի վերաբերյալ, որում նշվում է, որ ԿԳՆ-ը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»։

Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է.

««Ժամանակ» օրաթերթը իր մայիսի 16-ի համարում  «Սև ցուցակ» վերնագրով նյութում տեղեկացնում է, որ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարության դժգոհությունը»։ Սույն հոդվածը 1in.am կայքը արտատպել է՝ վերնագիրը խեղաթյուրելով՝ Մանկավարժական համալսարանը՝ ԿԳՆ «սև ցուցակում».

Նախ, լուրը հրապարակելուց առնվազն անհրաժեշտ է սուբյեկտների անվանումները ճշգրիտ գրել. ոչ թե Երևանի պետական մանկավարժական համալսարան, այլ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Երկրորդը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը որևէ  «Սև ցուցակում» չկա և չի կարող լինել:

Ինչ վերաբերում է գնումների գործընթացի մասին թերի տեղեկատվությանը, ապա Մանկավարժական համալսարանը 2019թ. ապրիլի 9-ին մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած դրամաշնորհի հատկացման մրցույթին, որի բացման նիստը հրավիրվել է ապրիլի 11-ին: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ՀՊՄՀ-ն եղել է միակ մասնակիցը, քանի որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ՀՀ-ում օրենքով պահանջվող փորձառություն ունի միայն Մանկավարժական համալսարանը:

Սակայն հանգամանքների չնախատեսված զուգադիպությամբ, Համալսարանում 2018թ. ֆինանսատնտեսական գործունեության մասով իրականացվող աուդիտի ընթացակարգով պայմանավորված, զուտ մի քանի ժամվա տարբերությամբ բանկային հաշվեհամարին առաջացել է հարկային պարտավորություն 5 մլն 611 հազ. դրամի չափով: Այն մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ մարվել է, ինչպես նաև եկամտային հարկի գծով փոխանցվել է հավելյալ 20 մլն դրամի չափով կանխավճար, և 2019թ. ապրիլի 10-ի դրությամբ միասնական հաշվին արդեն իսկ համալսարանը ունեցել է 21 381 հազ. դրամի չափով գերավճար:

Սակայն մրցույթի պահին նախարարությունը, որն արձանագրել է տվյալ պահի հարկային պարտավորություն, որը ինչպես նշեցինք, մի քանի ժամ անց մարվել է, իր գործառույթների շրջանակում դիմել է ֆինանսների նախարարություն և առաջարկել սկսել վարույթ:  Վերջնական որոշում դեռ կայացված չէ: Բայց քանի որ, ըստ էության, գնումների ընթացակարգում ստանձնած պարտավորությունների խախտում չի եղել, և զուտ տեխնիկական պատճառով փոքր ինչ ուշացվել է փոխանցումը, Մանկավարժական համալսարանը վստահ է, որ որոշումը դրական է լինելու մանկավարժական համալսարանի համար:

Այնպես որ՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանը չկա, չի եղել և չի կարող լինի որևէ սև ցուցակում, քանի որ պատշաճ կատարում է իր բոլոր գործառույթները: Ի դեպ, Մանկավարժական համալսարանը մասնակցելու է առաջիկայում  հայտարարվելիք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դրամաշնորհային ծրագրի մրցույթին»: 



loading...