ԲԴԽ-ի նիստում քննվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը


ԲԴԽ-ի նիստում քննվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը
Մայիս 16 14:16 2019

Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և դրա շրջանակներում, 2019 թվականի մայիսի 16-ի նիստի ընթացքում հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ: Այս մասին ասվում է ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 30-ին։