Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջև. Հովիկ Աբրահամյան

Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջև. Հովիկ Աբրահամյան
Մայիս 15 14:19 2019

Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջեւ, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր եւ լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ շնորհավորելով Ընտանիքի օրվա առթիվ։

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում եւ նշում ենք որպես Ընտանիքի օր: Ընտանիքը բարձրագույն արժեք է, առողջ հասարակության ու ամուր պետության հենքն ու երաշխավորը: Երջանիկ է այն ընտանիքը, որում ազգային ավանդությունների ու ինքնության պահպանմանը զուգահեռ տիրում է իրավահավասարություն, փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում:

Անկախ հասարակական հարաբերությունների զարգացման աստիճանից՝ ընտանիքի ամրության գլխավոր նախապայմանը հարգանքն ու փոխզիջումն է. վեճի ամենասուր պահին լռելու ու լսելու կարողությունը, դժվարությունները միակամ հաղթահարելու խիզախությունը, երջանիկ պահերը միասին վայելելու բերկրանքը:

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նույնիսկ առերեւույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը: Դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ:

Ցավոք, այսօր տեսնում ենք նաեւ այնպիսի երեւույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ եւ բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարեւորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում: Փոքր ազգերի համար սա ծանր հետեւանքեր ենթադրող խնդիր է: Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջեւ, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր եւ լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է:

Սեր եւ ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին եւ Արցախին:

 

Աստված բոլորիս պահապան»,–գրել է նա:

loading...