Մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում, ինստիտուցիոնալ բարեփոխում. մեկնարկել է «Աշխատիր Հայաստան» ծրագիրը


Մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում, ինստիտուցիոնալ բարեփոխում. մեկնարկել է  «Աշխատիր Հայաստան» ծրագիրը
Մայիս 15 14:01 2019

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մեկնարկեց «Աշխատիր Հայաստան» ծրագիրը և տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը նպատակ ունի զարգացնել մարդկային կապիտալը, խթանել զբաղվածությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել՝ հանուն մարդու կյանքի որակի շարունակական բարելավման արժանապատիվ աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ Հայաստանում իրականացվող արմատական բարեփոխումների առանցքն աշխատանքի միջոցով մարդկանց ստեղծագործ կարողությունների լիարժեք ինքնաիրացման համար միջավայրի ստեղծումն է:

«Մեր այս նախաձեռնությունն անպայման հաջողելու է և յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծվելու են անհրաժեշտ նախադրյալները սեփական աշխատանքի միջոցով ապահովելու կյանքի արժանապատիվ պայմաններ: «Աշխատիր Հայաստան» ծրագիրը կարևոր քայլ է ներառական տնտեսական զարգացում ապահովելու ճանապարհին»,- նշեց Ավինյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը պարբերաբար վերանայվելու է՝ հիմք ընդունելով ծրագրի ընթացքի արդյունավետությունը՝ փորձագետներից և հանրությունից ստացված արձագանքներով:

ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հայնց Քոլլերն ասաց, որ «Աշխատիր Հայաստան» ծրագիրն ընդգրկում է այն հիմնական մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են հասարակության առաջ:

«Առանձնացրել ենք մի քանի ոլորտ, որոնք դառնալու են տնտեսական ավելի արագ շարժիչ ուժ: Շատ կարևոր է որակյալ կրթության ապահովումը, կրթությունից աշխատանք, աշխատանքից աշխատանք սահուն անցումներն, ինչպես նաև արժանապատիվ աշխատանքի հնարավորությունները երիտասարդների համար»,- շեշտեց Քոլլերը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծեց, որ «Աշխատիր Հայաստան» ծրագիրը ապահովելու է ինտեգրում, ինչը թույլ կտա լավագույն արդյունքների հասնել բոլոր ռեսուրսների ներգրավման ժամանակ:

«Անհրաժեշտ է աշխատանք կատարել օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Կարևոր է, որ բոլոր գործընթացները հիմնված լինեն մարդու իրավունքների սկզբունքների վրա: Այս ծրագիրը բոլորի համար ստեղծելու է պայմաններ արժանապատիվ աշխատանք գտնելու և արժանապատիվ կյանք ապահովելու համար»,- շեշտեց Բաթոյանը:



loading...