Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը ներկայացրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին


Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը ներկայացրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին
Մայիս 15 12:33 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը մայիսի 14-ին  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Վիգեն Ավետիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, ողջունելով ներկաներին՝ Արթուր Ասոյանը հույս է հայտնել, որ Վիգեն Ավետիսյանը  պաշտոնավարման ընթացքում իր մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը կծառայեցնի տեսչական մարմնի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացմանը,  նաև իր աջակցությունն է հայտնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

 

Վիգեն Ավետիսյանը իր հերթին  շնորհակալություն է  հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդին նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ պատվով կիրականացնի իր առջև դրված պարտականությունները և  համատեղ արդյունավետ աշխատանք մաղթել տեսչական մարմնի աշխատակիցներին:

ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 10-ի N 517-Ա որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից առաջադրված թեկնածուն՝ Վիգեն Ավետիսյանը։

Վիգեն Ավետիսյանն  ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանահետախուզական ճյուղերի էկոնոմիկա և կառավարում» բաժինը: 2002 թվականից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր  պատասխանատու պաշտոններ:

2015 թվականին մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտում:

Զինապարտ է, ծառայել է ՀՀ զինված ուժերում: