Ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է
Մայիս 15 12:20 2019

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։

Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկություններն են  ստացել։

 

Դրանց հիման վրա բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ է հարուցվել։ Մայիսի 14-ին, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ Արաբկիրի ոստիկանները խուզարկել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մեծ քանականությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Գործարանային համարը ներկանյութով ծածկված «Կալաշնիկովի» ինքնաձիգը, տարբեր տեսակի մեկփողանի հրացանները, 3 նռնակը, ընդհանուր 800 գրամ քաշով պայթուցիկ նյութերը, տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտները, փամփուշտներով լիցքավորված պահունակները և այլ ռազմամթերն առգրավվել  ու փաթեթավորվել է՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու նպատակով։ 

Տանտերը՝ 55-ամյա Գ. Բ.-ն, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին ու ձերբակալվել։ 
Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

Քննությունը շարունակվում է։

 

loading...