Զոհրաբ Մնացականյանը հաստատեց, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը ակնկալվում է Վաշինգթոնում

Զոհրաբ Մնացականյանը հաստատեց, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը ակնկալվում է Վաշինգթոնում
Մայիս 15 10:41 2019

Մի փոքր էլ համբերենք, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար: Այս մասին Բրյուսելում Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպման հնարավորությանը:

 

Հարցին, թե ուրվագծվու՞մ է առաջիկայում նման հանդիպում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, եւ հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սսկզբունքորեն մենք որեւէ խնդիր չունենք»:

 

 

Նա անդրադարձավ նաեւ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Վաշինգթոնում անցկացնելուն՝  նշելով, որ ակնկալվում է, որ հանդիպումը հենց այդտեղ կլինի. «Բայց սխալ կլինի որեւէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»:

 

Մնացականյանը տեղեկացրեց նաեւ, որ Բրյուսելում շփում, զրույց ունեցել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ. «Դա նորմալ երեւույթ է նման շրջանակներում, նման ձեւաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ եւ կարող ենք միմյանց հետ շփվել, եւ ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»:

loading...