Շրի Լանկայում Սուրբ Հարության օրվա ահաբեկչական գործողություններից հետո մատուցվել են առաջին պատարագները. լրատվամիջոցներ


Շրի Լանկայում Սուրբ Հարության օրվա ահաբեկչական գործողություններից հետո մատուցվել են առաջին պատարագները. լրատվամիջոցներ
Մայիս 12 12:35 2019

Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում ապրիլի 21-ից՝ Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ շուրջ 250 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողություններից հետո առաջին անգամ կիրակնօրյա պատարագ է մատուցվել, հաղորդում է News1stհեռուստաալիքը:

Ողբերգական իրադարձություններից հետո առաջինը վերաբացվել է Նեգոմբո քաղաքի Սուրբ Սեբաստիան կաթոլիկ եկեղեցին, որտեղ մայիսի 9-ին անցկացված ժամերգությանը հարյուրավոր մարդիկ են մասնակցել: Հաղորդվում է, որ այսօր՝ մայիսի 12-ին, երկրի բոլոր շրջաններում մատուցված պատարագներին ներկա են եղել անվտանգության աշխատակիցներ:

Նոր օրենքի համաձայն՝ եկեղեցի այցելողներին չի թույլատրվում պայուսակ կրել, ինչպես նաև նրանք պարտավորվում են սրբավայր մտնելուց առաջ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Ակնկալվում է, որ առաջիկայում եկեղեցիներում հատուկ հանձնաժողովներ կստեղծվեն, որոնց անդամները կհետևեն վայրի անվտանգությանը և կհայտնաբերեն կասկածելի անձանց:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայի տարբեր եկեղեցիներում և հյուրանոցներում անցած ամիս մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված մի շարք պայթյունների հետևանքով ավելի քան 250 մարդ էր զոհվել, ընդ որում՝ օտարերկրյա քաղաքացիներ, հարյուրավոր մարդիկ տուժել էին: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: 

Երկրի ոստիկանությունից հայտնել են, որ ահաբեկչական գործողությունների բոլոր կազմակերպիչներն ու մասնակիցները ձերբակալվել կամ չեզոքացվել են: