Ատրճանակով զինված ու դիմակավորված անձը Կոտայքի մարզում ծեծի է ենթարկել քաղաքացուն, զենքի սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար


Ատրճանակով զինված ու դիմակավորված անձը Կոտայքի մարզում ծեծի է ենթարկել քաղաքացուն, զենքի սպառնալիքով  հափշտակել խոշոր չափի գումար
Մայիս 11 14:57 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 10-ին, դիմակավորված ու ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։10-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, որոնցից մեկը եղել է ատրճանակի նմանվող առարկայով, մտել են Աբովյան քաղաքի Հանրապետության 6-րդ շենք և վերելակում սպառնացել նույն շենքի 32 բնակարանի բնակիչ՝ 66-ամյա Գ. Բ-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիմակավորված ճիվաղները վերելակի մոտ ծեծի են ենթարկել Գ. Բ-ին, պահանջել գումար, որից հետո նրան ստիպողաբար տարել են իր բնակարան և այնտեղ շարունակել բռնություն կիրառել, ատրճանակը պահել են գլխին ու պահանջել գումար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տականքները տուժածին ծեծի ենթարկելուց հետո հափշտակել են նրա մոտ եղած մոտ 230 հազար դրամ գումարը և դիմել փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ռ Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Սուրեն Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը զբաղվում է գրենական պիտույքների առք ու վաճառքով։