«Սասունցիների պարը» բալետային ներկայացումը բուռն ծափողջյուններով է ընդունվել Ստամբուլում


«Սասունցիների պարը» բալետային ներկայացումը բուռն ծափողջյուններով է ընդունվել Ստամբուլում
Մայիս 10 23:13 2019

Բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի «Սասունցիների պարը» բալետային ներկայացմամբ Նոր Նորքի հայորդաց տան սաները հաջողությամբ են հանդես եկել Ստամբուլի օպերային թատրոնում` արժանանալով ոչ միայն հայ, այլև օտարազգի արվեստասերների ծափողջյուններին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 7-ին ներկայացմանը ներկա են եղել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, Թուրքիայի քաղաքապետը և այլ հյուրեր: «Հանդիսատեսի վաթսուն տոկոսը հայեր էին, մնացյալը` այլազգիներ:  Ստամբուլի քաղաքապետը, ներկայացումը դիտելուց հետո ասաց, որ Հայաստանից այս ներկայացման միջոցով հայերն իրենց հետ սեր են բերել»,-մեզ հետ զրույցում պատմեց Գրիգոր Խաչատրյանը:

 

Նրա համոզմամբ`դահլիճում ներկա մարդիկ, որոնք չէին տիրապետում հայերենին, հասկացել են այն: 

 

Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» պոեմի հիման վրա բեմադրված բալետային ներկայացման երաժշտությունը գրել է կանադաբնակ կոմպոզիտոր  Մաժակ Թոշիկյանը:

 

«Լավ է, որ Թոշիկյանը հայ գրողի ստեղծագործությունն է վերածել երաժշտության, որը շատ ճկուն է և բեմադրիչի համար լայն հեռանկարներ է բացում»,-ասաց Խաչատրյանը:

 

«Սասունցիների պարը» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին Մայր թատրոնում, հոկտեմբերին` Գյումրիում:

 

Գրիգոր Խաչատրյանի խոսքով` նախատեսում ենք ներկայացումը հանձնել նաև Ստեփանակերտի արվեստասերների դատին. հնարավոր է` բեմադրությամբ հանդես գան նաև Տորոնտոյում և Մոնրեալում:

 

Ներկայացման խորեգրաֆներն են Արա Ասատուրյանը և Արման Ջուլհակյանը: Բեմադրության մեջ որպես պատմիչ հանդես է գալիս երգչուհի Գոհար Հովհաննիսյանը: