ՏՄՊՊՀ նախագահը վստահեցնում է՝ Բենզինի ու գազի շուկան գտնվում է ուշադրության կենտրոնում է


ՏՄՊՊՀ նախագահը վստահեցնում է՝ Բենզինի ու գազի շուկան գտնվում է ուշադրության կենտրոնում  է
Մայիս 10 16:42 2019

Ոչ թե այս կամ այն նպատակներից ելնելով է ՏՄՊՊՀ-ն գործում, այլ մեր օրենսդրությունը հստակ ասում է այն ուղենիշները, որով շարժվելու է մեր հանձնաժողովը։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

 

Նա, անդրադառնալով վարչապետի՝ բենզինի ու գազի շուկայով լուրջ զբաղվելու հանձնարարականին, նշեց, որ մինչ այս նիստն էլ իրենք արդեն իսկ աշխատանքները սկսել էին։

«Բենզինի ու գազի շուկան գտնվում է ուշադրության կենտրոնում, մենք կփորձենք համապարփակ լուծում տալ։ Շուկան մանրամասն կուսումնասիրենք, կհասկանաք, թե որտեղ կան խնդիրներ, եթե կան չարաշահումներ, ապա համաչափ կենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա։

 

Գևորգյանը շեշտեց, որ ցանկացած չարաշահում՝ լինի գնի բարձրացում, թե իջեցում, միևնույն է, խնդիր է։ Սակայն նա այս պահին չպատասխանեց հարցին, թե բենզինի ու գազի ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողներն ո՞վքեր են՝ նկատելով, որ ուսումնասիրությունները նոր են սկսել։

Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավոր է ոլորտի գերիշխողները քաղաքական նպատակներով գնի բարձրացում անեն, Գեղամ Գևորգյանը պատասխանեց, թե ՏՄՊՊՀ-ն ապաքաղաքական կառույց է։

«Ես չեմ կարող քաղաքական կերպարների, անձանց վերաբերյալ որևէ հայտարարություն անել։ Մենք կնշենք տնտեսվարող սուբյեկտները, թե նրանցից ով է զբաղվում քաղաքականությամբ, այլ մարմինների գնահատականն է»,-եզրափակեց Գեղամ Գևորգյանը։

Tert.am