Երբ Փաշինյանը ֆետիշացնում է իր անձը կամ առաքինությունները, ինքնին կասկածի տակ է դնում ժողովրդավարական հասարակության գոյությունը․ «Ժամանակ»


Երբ Փաշինյանը ֆետիշացնում է իր անձը կամ առաքինությունները, ինքնին կասկածի տակ է դնում ժողովրդավարական հասարակության գոյությունը․ «Ժամանակ»
Մայիս 10 08:21 2019

«Ժամանակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձել է սուպերվարչապետական համակարգի շուրջ ծավալվող քննարկումներին՝ հանդես գալով այնպիսի պարզաբանումներով, որոնք աղերս անգամ չունեն տարրական քաղաքականության հետ։ Ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջ եռանդով հակադրվում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին՝ հետևողականորեն սրբագրելով վերջինիս ասածները, փաստորեն՝ կասկածի տակ դնելով հեղափոխության օրակարգը։

 

Սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլևս վերացված է, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ․ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իր այս հայտարարությամբ վարչապետը փաստացի կասկածի տակ է դնում Հայաստանում ժողովրդավարության գոյությունը, որովհետև սուպերվարչապետությունը, այսպես կոչված, ինստիտուցիոնալիզացված է կառավարության նոր կառուցվածքով, որը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջովին ընդունվել է խորհրդարանի կողմից։ Սուպերվարչապետության դասական օրինակ է, երբ խորհրդարանական երկրում կան կառույցներ, որոնք հաշվետու են բացառապես վարչապետին ու առհասարակ դուրս են ԱԺ վերահսկողությունից։ Այսօր հենց այսպիսի կարգավիճակով են օժտված ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի պատասխանից պարզ դարձավ, որ երկրի ժողովրդավարության անշրջելիության գրավական համարվում են ոչ թե ինստիտուտները, այլ՝ հենց վարչապետի կերպարը, այլ խոսքով՝ «բարի թագավորի» միֆը։ 

Նիկոլ Փաշինյանը նշել է իր մի շարք առաքինություններ, փաստորեն՝ իր դրական կերպարով ծածկելով ինստիտուցիոնալ ժողովրդավարության բացակայությունը։ Եթե անցած տարվա իրադարձությունների իմաստն այն էր, որ «չար թագավորը» փոխարինվի «բարի թագավորով», ապա ցավով արձանագրում ենք, որ տեղի ունեցածը հեղափոխություն չէ, կամ էլ՝ հեղափոխության օրակարգը չեղարկվում է, ինչի ապացույցներից մեկը թերևս Փաշինյանի այսօրվա ասուլիսն է։ Երբ Փաշինյանը ֆետիշացնում է իր անձը կամ առաքինությունները, ինքնին կասկածի տակ է դնում ժողովրդավարական հասարակության գոյությունը։ «Դուք տեսնում եք սուպերվարչապետ, որը գնում է դատարանում վկայի կարգավիճակով հանդես է գալիս։ Ոմանք ասում են՝ դա շոու է: Դա շոու չէ, այլ քաղաքական կամքի ցուցադրում է։ Կարող եմ ասուլիս էլ չանել, չէ՞, բայց սա բացարձակ թափանցիկության ցուցադրում է։ Եթե խոսքը վերաբերում է 1-2 գերատեսչության կարգավիճակին, ապա այստեղ էլ կան փաստեր ու փաստարկներ։ Օրինակ՝ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու համար հարցադրում անեմ՝ երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն եք ուզում։ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց է ձևավորվել, չէ՞ որ ԱԱԾ-ի ժամանակներից կամաց-կամաց եկել, հասել է իշխանության։ Պարզապես հիմա մարդիկ կան, որ ասելիք չունեն, չեն էլ ունեցել, իրանց գործունեությունն ընդամենը մեզանից ցիտատներ անելն է։ Շատ լավ է, թող մեր ասածներն ուշադիր գրառեն, որովհետև հետագա քաղաքական կարիերայում իրենց պետք կգա»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի այսօրվա համարում:



loading...