Աշխատավարձերի բարձրացումը մասամբ է արդարացված․ Դավիթ Խաժակյանը ներկայացնում է խմբակցության դիրքորոշումը

Աշխատավարձերի բարձրացումը մասամբ է արդարացված․ Դավիթ Խաժակյանը ներկայացնում է խմբակցության դիրքորոշումը
Մայիս 6 11:46 2019

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում,  ինչն առաջացրել հանրության լայն շերտերի դժգոհությունը։ Խնդրի շուրջ Armday.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, ով իշխանությունների որոշումը մասամբ է համարում արադարացված, մասամբ՝ ոչ»

«Հարցը մի քանի տեսանկյունից է պետք դիտարկել․ աշխատավարձ բարձրացնելը լավ է, բայց շատ վատ է, երբ միջին և ստորին օղակներինը բարձրացնում ես 25-30 %-ով, իսկ հայեցողական պաշտոններինը՝ 100 %-ով»,-ասաց Խաժակյանը։

Համաչափության սկզբունքից զատ, խմբակցության ղեկավարը խնդիր չի տեսնում, իսկ ավելի մանրամասն խոստանում է անդրադառնալ ավագանու նիստի ընթացքում։

Մեր հարցին՝ արդյո՞ք իշխանությունները, նախքան առաջարկությամբ հանդես գալը,  քննարկել են աշխատավարձերի բարձրացման հարցը ընդդիմադիրների հետ, Խաժակյանը պատասխանեց՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի հետ քննարկում եղել է երեկ։

Հիշեցնենք, որ նոր փոփոխություններով նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի բոլոր վարչությունների պետերի աշխատավարձերը դարձնել 641 հազար ՀՀ դրամ՝ ներկայիս 346 հազար դրամի փոխարեն, իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը  575 հազար դրամի փոխարեն այսուհետ կվարձատրվի  1 մլն 200 հազար ՀՀ դրամով: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատավարձն էլ, որոշման համաձայն, կլինի 912 հազար ՀՀ դրամ՝ 443 հազարի փոխարեն:

 

Վաչիկ Գրիգորյան

 

loading...