Դավիթ Ղազարյանը ընդունում է, որ խախտումներ եղել են. 1 մլրդ դրամը կանխավճար է


Դավիթ Ղազարյանը ընդունում է, որ խախտումներ եղել են. 1 մլրդ  դրամը կանխավճար է
Մայիս 4 17:30 2019

«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանը  ընդունում է, որ կարող են  հարկային խախտումներ թույլ տված լինել, և որ չի խուսափում վճարումներից:  Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց  Դավիթ Ղազարյանի Փաստաբան Կարեն Սարդարյանը:

«1 միլիարդ դրամը կանխավճար է, որպեսզի ցույց տանք, որ կազմակերպությունը չի խուսափում վճարումից»,-ասաց փաստաբանը՝ նշելով որ գումարի մմյուս մասը կվճարվի  համապատասխան ստուգումներից հետո, երբ կողմերը կգան համաձյնության պարտքգումարի թվի հետ կապված:

Փաստաբանը նշեց, որ դեռ չի հանդիպել իր պաշտպանյալին և այլ մանրամասների չի տիրապետում նրա հետագա գործունեության հետ կապված:  

Armday.am-ը փորձեց կապ հաստատել նաև «Սպայկա» ընկերության  զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանի հետ՝ իմանալու արդյո՞ք Դավիթ Ղազարյանը հանդիպել  է աշխատակիցներին, կամ հայտարարությամբ հանդես եկել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

 Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին: 

Հիշեցնենք՝ Դավիթ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ «Սպայկա» ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 7 միլիարդ դրամի վնաս։