Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Մատենադարան


Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Մատենադարան
Ապրիլ 26 16:23 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 25-ին այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան եւ հանդիպել տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի հետ:

Զրուցակիցները խոսել են Մատենադարանի կողմից իրականացվող ծրագրերի եւ հետագա նախագծերի մասին, քննարկել Մատենադարանի հեռանկարային զարգացման եւ միջազգային համագործակցության մի շարք հարցեր:

Հանրապետության նախագահը նշել է, որ արտերկրյա այցերին միջազգային կազմակերպությունների ու պետության ղեկավարների հետ հանդիպման շրջանակում պարբերաբար ներկայացրել է Մատենադարանի գործունեությունն ու կառույցի մեծ ներուժը՝ դառնալու հնագույն ձեռագրերի ուսումնասիրման, պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաեւ մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն:

Կողմերն ընդգծել են նաեւ, որ հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը լավագույն վայրը կարող է լինել օտարերկրացի մասնագետների վերապատրաստման, գիտահետազոտական ուսումնասիրությունների իրականացման համար:

Խոսվել է տարբեր երկրներում, ինչպես օրինակ Իրաքում եւ Սիրիայում պատերազմի հետեւանքով վնասված հին ձեռագրերը Մատենադարան բերելու եւ վերականգնելու հնարավորության մասին:

Այցի ավարտին նախագահ Սարգսյանն այցելել է Մատենադարանում գործող «Փոքրիկ ծաղկողներ» մանկապատանեկան կրթական ծրագրի մասնակիցներին: