Հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն. Նիկոլ Փաշինյան


Հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 26 16:11 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. 
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հարգելի՛ ծառայողներ, 
պետակա՛ն այրեր,

թույլ տվեք նախ բոլորիս շնորհավորել այսօրվա տոնի՝ Սահմանապահի օրվա կապակցությամբ: Սահմանը, ընդհանրապես, ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ գոյություն ունի: Ընդամենը մի գիծ, որից այն կողմ, թեկուզ մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու և որից ընդամենը մեկ սանտիմետր այս կողմ զգում ես ինչպես տանը: Հայաստանի Հանրապետություն ասելով՝ առաջին հերթին մենք նկատի ունենք մեր սահմանները, որովհետև այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը երկիր մոլորակի վրա, մեր տեղն արևի տակ, մեր ապագան և անցյալի մասին մեր պատկերացումը:

Եվ ուրեմն սահմանապահ ծառայությունը, Սահմանապահի օրն այս առումով ունի չափազանց կարևոր նշանակություն: Այսօր մենք նշում ենք Սահմանապահի օրը՝ նկատի ունենալով առաջին հերթին Ազգային անվտանգության ծառայությանը, առաջին հերթին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին: Բայց ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն: Եվ այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են, այո՛, Սահմանապահ զորքերի ծառայողները, այսօր այդ առաքելությունը պատվով կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողները, այսօր այդ առաքելությունը կատարում են Ոստիկանության զորքերի ծառայողները: Այսօր Հայաստանի Հանրապետությունում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայր: Եվ այս առումով, այս տոնը՝ Սահմանապահի օրը, տոն է ոչ միայն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, այլև մեր զինված ուժերի համար, մեր ժողովրդի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ նրանից Երևանում է աշխատում, թե Հայաստանի Հանրապետության սահմանի որևէ ուղեկալում կամ տարածքում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունն է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած ծառայության համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության սահմանի իրենց վստահված հատվածի պաշտպանության համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության զորքերի ծառայողներին՝ իրենց վստահված սահմանի պահպանության համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի իրենց վստահված հատվածի պահպանության համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանապահ գյուղերի բնակիչներին՝ իրենց սահմանը պահպանելու, ապրեցնելու և իրենց սահմանն ամուր պահելու համար:

Եվ ուրեմն, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանապահի օրը:

Կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը, 
կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, 
կեցցե՛ն հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին»:

Այնուհետև, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Սահմանապահ զորքերի վարչական շենք, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը, ուսումնական կենտրոնի գործունեությանը: Վարչապետին են ներկայացվել նաև սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներն ու դրանց հնարավորությունները: